ԱԺ խոսնակ. Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի այս տարվա աշնան վերջին
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի այս տարվա նոյեմբերի վերջին: Այս մասին օգոստոսի 20-ին Ծաղկաձորում ընթացող «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով հարցին, արդյո՞ք Հայաստանի հասարակությունը կողմ է սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, Սահակյանը նշեց. «Դա կորոշի հանրաքվեն»:
Սահմանադրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովն արդեն հրապարակել է նախագծի 1-15-րդ գլուխները: Այն նախատեսում է անցում խորհրդարանական կառավարման համակարգի:
Ըստ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, փոփոխությունների նախագիծը, ամենայն հավանականությամբ, արդեն սեպտեմբերին կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը: