Վերաքննիչն արդարացրել է քաղաքացուն ծեծելու դեպքով ամբաստանյալին՝ Վանաձորի ոստիկանության պաշտոնյային
Վերաքննիչ դատարանն արդարացրել է հինգ տարի առաջ Ստեփանավանում քաղաքացուն ծեծելու դեպքով ամբաստանյալներից մեկին՝ Վանաձորի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Վահրամ Խաչատրյանին, իսկ Լոռու մարզի զինկոմ Սարգիս Վահրադյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանի մեղադրական դատավճիռն անփոփոխ է թողել։
Դեպքը տեղի էր ունեցել հինգ տարի առաջ: Ստեփանավանի ոստիկանապետի այն ժամանակվա տեղակալներ Վահրամ Խաչատրյանն ու Սարգիս Վահրադյանը գիշերով կանգնեցրել էին օդանավակայանից վերադարձող մեքենան, իջեցրել ուղևորներին և բռնություն գործադրել նրանցից մեկի՝ Վրեժ Մկրտումյանի նկատմամբ։ Մեքենայի տեսախցիկն էր արձանագրել, թե ինչպես են հարվածում քաղաքացուն, իսկ ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը՝ զենքը ձեռքին, սպառնալիքներ հնչեցնում։ Չնայած տեսանյութին՝ Բագրատունյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր հարուցվել՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։
Ոստիկանների արդարացումն, ըստ դատական տեղեկատվական համակարգում հրապարակված գործի, այն էր, որ նույն գիշերը Տաշիրում ավազակային հանցագործություն էր կատարվել, իրենք ուժեղացված հսկողություն էին իրականացնում։ Բայց Հակակոռուպցիոն դատարանը դեռ մեկ տարի առաջ նշել էր, որ օրենքը թույլ է տալիս ֆիզիկական ուժ կիրառել միայն բացառիկ դեպքերում՝ իրավախախտներին բռնելու կամ դիմադրություն խափանելու համար։ Վահրադյանն ու Խաչատրյանը, ինչպես նշված է դատավճռում, «դիտավորյալ, անհիմն և ապօրինի բռնություն են գործադրել»։
Հաստատված էր համարվել, որ մեքենայի տեսախցիկի արձանագրած տեսանյութում լսվում են հարվածի ձայներ թե՛ Սարգիս Վահրադյանի ու թե՛ Վահրամ Խաչատրյանի կողմից:
Դատարանն արձանագրել էր, որ մեղադրյալներ Սարգիս Վահրադյանին և Վահրամ Խաչատրյանին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու հիմքեր առկա չեն, «հետևաբար՝ վերջիններս ենթակա են պատժի՝ իրենց կատարած հանցանքների համար»:
Դատավարությանը զուգահեռ երկու մեղադրյալներն էլ պաշտոնական առաջխաղացում էին ունեցել. Վահրամ Խաչատրյանը Ստեփանավանից մարզկենտրոն է տեղափոխվել ու նշանակվել Ոստիկանության Վանաձորի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, իսկ Սարգիս Վահրադյանը պաշտպանության նախարարի որոշմամբ նշանակվել է Լոռու մարզի զինկոմ։
Մրցութային հանձնաժողովը նրան հաղթող էր ճանաչել վեց թեկնածուների մեջ այն դեպքում, երբ անցնում էր քաղաքացուն բռնության ենթարկելու գործով, որն արդեն երկու տարի դատարանում էր։
Ստեփանավանում կադրային այս թռիչքները կապում են անձնական մտերմությունների հետ։ Սարգիս Վահրադյանը, նրան զինկոմի պաշտոնում նշանակած պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը նույն քաղաքից են, իսկ Վահրադյանն ու քաղաքապետը նաև ընտանեկան մտերմություն ունեն։ «Ազատության» տրամադրության տակ են լուսանկարներ նրանց համատեղ կնունքի արարողությունից։
Պաշտոնական առաջխաղացումից կարճ ժամանակ անց Հակակոռուպցիոն դատարանը երկու բարձրաստիճան ոստիկաններին էլ մեղավոր էր ճանաչել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար՝ դատապարտելով 3 տարվա պայմանական ազատազրկման և զրկելով պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից մեկ տարի ժամկետով։ Այս վճռի հետ համաձայն չէին բոլոր կողմերը. Դատախազությունը պատիժը մեղմ էր համարել, տուժող կողմը պահանջում էր արարքը որակել որպես խոշտանգում, ոչ թե լիազորությունների չարաշահում։ Մեղադրյալներն էլ արդարացում էին սպասում։
Օրերս Վերաքննիչ դատարանի որոշմամբ Վահրամ Խաչատրյանն արդարացվեց, իսկ Սարգիս Վահրադյանի պատիժն ուժի մեջ մնաց։ Վերաքննիչի որոշման հիմքերը դեռևս հրապարակված չեն դատական տեղեկատվական համակարգում։
Տուժող Վրեժ Մկրտումյանը հրաժարվեց հարցազրույցից: Ավելի վաղ նա «Մեդիա կենտրոնում» պատմել էր, թե այդ օրը որքան ագրեսիվ ու կոպիտ են վարվել ոստիկաններն իր հետ. «Դժգոհ եմ, այսպիսի բան չպետք է լինի, որ մեր պետության, երկրի բարձր սպաներն այսպես կարող են վարվել քաղաքացիների հետ՝ օրենքը հարգող ու ընդունող»:
Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանն ասաց, որ վերաքննիչի վճիռը ստանալուց հետո միայն կորոշեն՝ բողոքարկել Վերաքննիչ դատարանի վճիռը Վճռաբեկ դատարան, թե ոչ։ Մինչ այդ բռնության մեջ մեղադրված պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել։