Պուտինը Հայաստանին վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ի հետ մերձեցման հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հրապարակայնորեն նախազգուշացրել է Հայաստանին՝ ընդգծելով, որ երկիրը չի կարող միաժամանակ խորացնել հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական տնտեսական միության հետ։Այս մասին հայտնում է Euronews-ը:
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է ընթանում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման շուրջ։ Մենք դրան վերաբերվում ենք հանգիստ, սակայն պետք է անկեղծ ասել, որ հնարավոր չէ միաժամանակ լինել և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաս», – նշել է Պուտինը։
Նա նաև անդրադարձել է գազի մատակարարումներին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում էապես ավելի ցածր գնով, քան եվրոպական շուկայում է։
«Եվրոպայում գազի գինը գերազանցում է 600 դոլարը հազար խորանարդ մետրի համար, մինչդեռ Հայաստանը այն ստանում է մոտ 177,5 դոլարով։ Տարբերությունը էական է», – ասել է նա։
Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գիտակցում է, որ չի կարող միաժամանակ անդամակցել երկու միավորումներին, սակայն ներկայում փորձում է համադրել ԵԱՏՄ անդամակցությունը և Եվրամիության հետ համագործակցության զարգացումը։
Նա նաև ընդգծել է, որ վերջնական որոշումը կընդունվի Հայաստանի քաղաքացիների կողմից։
«Երբ հասնենք այն փուլին, երբ պետք է որոշում կայացվի, վստահ եմ՝ այդ որոշումը կընդունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները», – ասել է Փաշինյանը։
Հանդիպման ընթացքում Պուտինը նաև ակնարկներ է արել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ՝ նշելով, որ որոշ անձինք, այդ թվում՝ ռուսական անձնագրեր ունեցողներ, գտնվում են կալանքի տակ։
Փաշինյանն ի պատասխան պարզաբանել է, որ Հայաստանի օրենքներով օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող մասնակցել քաղաքական գործընթացներին՝ դառնալ պատգամավորի կամ վարչապետի թեկնածու։
Վարչապետը նաև ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքական գործընթացներն ազատ են, և վերջնական որոշումները կայացվում են քաղաքացիների կողմից։
The post Պուտինը Հայաստանին վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ի հետ մերձեցման հարցում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.