ԱՄՆ-ի միջամտությունը Վենեսուելայում խորհրդանշում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի ավարտը. DW սյունակագիր
ԱՄՆ-ի միջամտությունը Վենեսուելայում խորհրդանշում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի ավարտը, որին մինչ այժմ հավատարիմ էր Եվրամիությունը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի սյունակագիր Դիրկ Էմմերիխը՝ նշելով, որ տեղի ունեցածը շոկի է ենթարկել թե՛ Եվրամիությանը, թե՛ Գերմանիային, որոնք արձագանքում են հիմնականում դիվանագիտական կաղապարներով ու ձևական հայտարարություններով։
Սյունակագրի խոսքով՝ ԵՄ-ն նույնպես չէր ցանկանում, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շարունակի մնալ իշխանության, սակայն այն ձևը, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է հասնել այդ նպատակին՝ «այնքան դաժան, նպատակային և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը», Բրյուսելի համար անընդունելի է։ Էմմերիխը շեշտում է, որ Եվրամիությունը դեռ առաջնորդվում է արժեքների վրա հիմնված Արևմուտքի պատկերացմամբ, որը փաստացի այլևս գոյություն չունի՝ առնվազն Եվրոպայից դուրս։
Հեղինակի գնահատմամբ՝ Թրամփի արտաքին քաղաքականությունը ոչ անկանխատեսելի է, ոչ էլ մեկուսացողական․ այն հետևում է հստակ ռազմավարության։ Մադուրոյի դեմ գործողությունները «իրավապահ օպերացիա» անվանելով՝ Թրամփը, ըստ սյունակագրի, հնչում է Վլադիմիր Պուտինի նման, երբ վերջինս խոսում է «հատուկ ռազմական գործողության» մասին։ Էմմերիխի համոզմամբ՝ հին աշխարհակարգը փլուզվում է, իսկ նոր կարգը կարող է ձևավորվել ազդեցության գոտիների շուրջ, որտեղ «մեծ տերությունները՝ ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը, գործում են ինչպես ցանկանում են»։
Այս պայմաններում Եվրամիությունը, ըստ սյունակագրի, կանգնած է լուրջ վտանգի առաջ՝ դուրս մնալու գլոբալ որոշումների կայացման գործընթացից։ Եթե նախկինում խոսքը գնում էր Թրամփին Եվրոպայից «չհեռանալու» մասին, ապա այժմ, Էմմերիխի խոսքով, նա վաղուց դա արել է։ 2026 թվականը կարող է դառնալ վճռորոշ՝ պարզելու, կմնա՞ արդյոք Եվրամիությունը քաղաքական նշանակություն ունեցող դերակատար, թե վերջնականապես կվերածվի դիտորդի այն աշխարհում, որը ձևավորում են ուրիշները։
The post ԱՄՆ-ի միջամտությունը Վենեսուելայում խորհրդանշում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի ավարտը. DW սյունակագիր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.