Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին
![Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին](https://gdb.rferl.org/56D6BAC8-D3C0-437D-830D-2C9CD7EE51B9_w800_h450.jpg)
Սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին:
ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նախարարներն արձանագրել են, որ Հայաստանը և Լիտվան կիսում են համագործակցության դրական փորձառություն և շարունակելու են համատեղ ջանքերը՝ երկկողմ օրակարգն ավելի հարստացնելու ուղղությամբ:
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, էլեկտրոնային կառավարման ոլորտներում երկու երկրների կողմից ձևավորված փորձի և այդ ոլորտի անմիջական դերակատարների համար փոխգործակցության հարթակների ստեղծման հեռանկարների շուրջ:
Հայաստանի ԱԳ նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին՝ որպես գերակա ուղղություն առանձնացնելով դատաիրավական ոլորտի բարեփոխումները:
Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում Զոհրաբ Մնացականյանն արժևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը ինչպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցությունն ընդլայնելու, այնպես էլ Հայաստանում մեկնարկած բարեփոխումների գործընթացը խթանելու համատեքստում: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և բարձր գնահատեց այդ գործընթացի շջանակներում Լատվիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը:
Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները:
Հանդիպման ավարտին արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակներում Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն այցելել և ծաղիկներ են դրել Ազատության հուշարձանին:
Արտգործնախարարն այցելել է Լատվիայի ազգային գրադարան։ Շրջայցի ավարտին ՀՀ ԱԳ նախարարը Հայտնի մարդկանց գրքապահոցին նվիրել է հայ ձեռագիր մատյաններին նվիրված «Մատենադարան» գիրքը: