Ստեփանակերտում կայացել է Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակին նվիրված խորհրդաժողով
Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ մայիսի 10-ին Ստեփանակերտում կազմակերպվել է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակին նվիրված խորհրդաժողով, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Հայաստանի Հանրապետությունից՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Արցախի ԱԺ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև փորձագետներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։ Խորհրդաժողովին որպես պատվավոր հյուր մասնակցում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: