Ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալու նախագիծը որևէ բովանդակային հարց չի լուծելու, միայն տեխնիկական որոշ խնդիրներ կկարգավորի․ Շ․ Դոյդոյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի օրենսդրական նախաձեռնության մեջ, որով առաջարկվում է գաղտնալսման իրավունք տալ նաև ոստիկանությանը, որևէ խնդիր չի տեսնում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս նախագծով փորձ է արվում է Ոստիկանության օպերատիվ հետախուզական ոլորտում գործիքակազմ ավելացնել։
Դոյդոյանը նկատեց՝ անկախ ամենից գաղտնալսման իրավունք տալիս է դատարանը։ «Խնդիր չեմ տեսնում, քանի որ գաղտնալսումը բոլոր դեպքերում պետք է արվի դատարանի որոշմամբ։ Խոսքը բացառապես վերաբերում է ոստիկանության տեխնիկական հնարավորություններին, այսինքն՝ օպերատիվ հետախուզական ոլորտում իրենց լիազորությունների կատարման գործիքակազմի համալրմանն է միտված»,- ասաց նա։
Շուշան Դոյդոյանն ընդգծեց՝ օրենսդրական նախաձեռնության մեջ որևէ խախտում չի տեսնում․ «Կարծում եմ՝ այս նախագիծը որևէ բովանդակային հարց չի լուծելու, միայն տեխնիկական որոշ հարցեր կլուծի»,-եզրափակեց Շուշան Դոյդոյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը նախկինում Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ էր, օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել։ Նա առաջարկում է գաղտնալսման իրավունք վերապահել նաև ոստիկանությանը, քանի որ գործող օրենսդրությամբ՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք ունի բացառապես ԱԱԾ-ն։