Տիգրան Բարսեղյան. Շատ առաջարկներ ունեի, բայց ընտրեցի «Կայսարը»
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը օրեր առաջ տեղափոխվել է ղազախական «Կայսար»:
Մեր ընտրանու ֆուտբոլիստը հարցարզրույց է տվել sports.kz կայքին` խոսելով տեղափոխության մասին.
«Ես լավ հարաբերությունների մեջ եմ շարունակում մնալ «Վարդարի» հետ: Ակումբի սեփականատիրոջ և նախագահի հետ ոչ մի խնդիր չկա, պարզապես ցանկանում էի փոխել ակումբս:
Այստեղ ունեմ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2019 թվականի մրցաշրջանի ավարտը:
«Կայսարում» աշխատում են լավագույն մարզիչները, որոնց ես գիտեմ, իսկ նրանք` ինձ: Թիմը մեկ ընտանիքի պես է, այդ պատճառով ընտրել եմ հենց այս ակումբը:
Մի շարք առաջարկներ ունեի թե՛ Եվրոպայից, թե՛ Ղազախստանից, սակայն ընտրեցի «Կայսարը»: Գրեթե վստահ եմ, որ հաջորդ տարի խաղալու ենք եվրագավաթներում: Ինչո՞ւ ոչ, նաև խմբային փուլում, ինչպես «Վարդարը»»,- ասել է Բարսեղյանը: