Անտեղի է Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ՔԿ-ն կարող է ազդել Մ. Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզող փորձագետների վրա. ՔԿ լրատվության բաժնի պետ
Անտեղի է ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունն ու մտահոգությունը, թե պետք է բացառել քննչական մարմնի կամ այլ մարմինների ճնշումը Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզող փորձագետների վրա: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նա շեշտեց, որ փորձագիտական կենտրոնը գործում է այլ գերատեսչության ենթակայությամբ, և նախաքննական մարմինը որևէ լիազորություն չունի միջամտելու փորձագետների գործունեությանը:
Հարությունյանն ընդգծեց, որ Քննչական կոմիտեն գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, հետևաբար խոսք անգամ չի կարող լինել փորձագիտական կենտրոնի վրա քննչական մարմնի կողմից ճնշումների կամ ուղղորդումների մասին:
«Քրեական դատավարության 108-րդ հոդվածի համաձայն՝ քննիչը մահվան պատճառները պարզելու համար նշանակում է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչը և արվել է, իսկ փորձագիտական կենտրոնը գործում է այլ գերատեսչության ենթակայությամբ, ինչը ևս մեկ անգամ գալիս է հերքելու այն մտահոգությունը, թե նախաքննական մարմինը կարող է որևէ կերպ ազդել եզրակացության արդյունքի վրա»,- ասաց Նաիրա Հարությունյանը: