Նովակ Ջոկովիչը ռեկորդային՝ 7-րդ անգամ դարձավ Ավստրալիայի Բաց առաջնության չեմպիոն
Մելբուրնի «Ռոդ Լեյվեր Արենայում» կայացավ Australian Open-ի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը:
Վճռորոշ խաղում միմյանց դեմ էին դուրս եկել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը և ATP-ի վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղում գտնվող Ռաֆայել Նադալը:
Սպասված եզրափակիչը անցավ սերբ թենիսիստի առավելությամբ: Ամբողջ մրցաշարի ընթացքում վստահ տեսք ունեցող Նադալը, որը մինչև այս ոչ մի սեթ չէր պարտվել, եզրափակչում անհույս տեսք ուներ: Ջոկովիչը հաղթեց 6:3, 6:2 6:3 հաշվով ու դարձավ չեմպիոն:
Այսպիսով, Ջոկովիչը ռեկորդային՝ 7-րդ անգամ դարձավ Ավստրալիայի Բաց առաջնության չեմպիոն՝ նվաճելով երրորդ անընդմեջ Grand Slam-ը (նախորդ մրցաշրջանում Ջոկովիչը հաղթել էր Ուիմբլդոնում և ԱՄՆ-ի Բաց առաջնությունում)։
Վեցական անգամ Australian Open-ի չեմպիոն են դարձել Ռոջեր Ֆեդերերը և Ռոյ Էմերսոնը։ Նշենք, որ սա թենիսիստների 53-րդ հանդիպումն էր և Ջոկովիչի 28-րդ հաղթանակն այս դիմակայությունում։
Հիշեցնենք, որ կանանց մրցաշարի եզրափակչում ճապոնուհի Նաոմի Օսական հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովային։