Խորվաթիայում հոսթելի հավաքարարը ծեծի է ենթարկել բրիտանուհի զբոսաշրջիկին
Խորվաթիայում հոսթելի հավաքարարը ծեծի է ենթարկել բրիտանուհի զբոսաշրջիկին՝ հավելյալ վճարումից հրաժարվելու համար, այս մասին գրում է Daily Mail-ը։
Քեմբրիջից 26-ամյա բրիտանուհի Լաուրա Դենմարն իր ընկերոջ հետ նախընտրել է հանգիստն անցկացնել Խորվաթիայի Սփլիթ քաղաքում՝ նախապես ամրագրելով իրենց սենյակը տեղի հոսթելներից մեկում։ Երբ զույգը տեղ է ժամանել՝ պարզվել է, որ համացանցի միջոցով ներկայացված տվյալները չեն համապատասխանում առկա պայմաններին։ Այնուամենայնիվ՝ երիտասարդները որոշել են մնալ։
«Հոսթելում կար 30 մահճակալ ու ընդամենը մեկ լոգարան, սակայն մենք արդեն վճարել էինք և գնալու այլ տեղ չունեինք»,- պատմել է Լաուրան։
Նրա խոսքով՝ հանգստի վերջին օրն իրենց սենյակ է մտել հավաքարարը և պահանջել հավելյալ վճարում կատարել։ Բրիտանուհին հայտնել է կնոջը, որ դա անօրինական է, ինչին ի պատասխան հյուրանոցի աշխատակցուհին սպառնացել է ոստիկանություն կանչել։ Ու թեև Լաուրան դեմ չի եղել ոստիկաններ հրավիրելուն՝ դրա փոխարեն հավաքարարը կանչել է մի տղամարդու, որն իբր հոսթելի տերն է, այնուհետև փակել է սենյակն ու սկսել ծեծի ենթարկել Լաուրային։
Ի վերջո, նրան հոսպիտալացրել են ձեռքի կոտրվածքով ու գլխի շրջանում վնասվածքով, որի վրա բժիշկները ստիպված են եղել կարեր դնել։ Աղբյուրը նշում է, որ դեպքի առնչությամբ խորվաթ ոստիկանները ստուգումներ են անցկացնում։