Ռոբերտ Քոչարյանը հաստատապես ունի տվյալներ «Մարտ 1»-ի գործով և պետք է հարցաքննվի. Վահե Գրիգորյան
Ռոբերտ Քոչարյանը հաստատապես ունի տվյալներ «Մարտ 1»-ի գործով և նրան պետք է կանչել հարցաքննության, «Ազատության» հետ զրույցում շեշտում է Եվրոպական դատարանում «Մարտ 1»-ի 9-ը զոհերի հարազատների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:
Գրիգորյանի փոխանցմամբ, Գլխավոր դատախազության պարզաբանումը, թե Ռոբերտ Քոչարյանին չեն կանչում հարցաքննության, քանի որ հիմքեր չկան ենթադրելու, թե Քոչարյանին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որևէ հանգամանք, ուղղակի հակասում է պարզ տրամաբանությանը:
Ըստ փաստաբանի, Ռոբերտ Քոչարյանը տիրապետում է բոլոր փաստերին, քանի որ մարտի 1-ի խաղաղ ցույցը ցրելու և դրան հաջորդած արյունալի իրադարձությունների ժամանակ Քոչարյանը եղել է Հայաստանի նախագահը և Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը, ի պաշտոնե հենց նրան են հաշվետու եղել Պաշտպանության նախարարության բոլոր այն ստորաբաժանումները, որոնք ներգրավածություն են ունեցել մարտի 1-2-ի, այսպես կոչված, ոստիկանական գործողություններում։
Այսինքն, ըստ փաստաբանի, բոլոր այդ մարմինները գործել են Ռոբերտ Քոչարյանի իմացությամբ, հակառակ դեպքում կստացվի, թե Զինված ուժերը գործել են առանց գերագույն գլխավոր հրամանատարի թույլտվության՝ դրանով իսկ կատարելով ծանրագույն հանցագործություն:
«Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն կարող էր, այլ նա հաստատապես տեղյակ է եղել, և առանց որևէ կասկածի հաստատել կամ առնվազն տեղեկացված լինելով չի առարկել Զինված ուժերի մարտիմեկյան իրադարձությունների ներգրավածությանը։ Սա կարծիք չէ, սա փաստ է», - ասաց Գրիգորյանը։
Ճշտող հարցին, թե Քոչարյանը չի՞ կարող տվյալներ չունենալ այս գործի հետ կապված, փաստաբանը պատասխանեց. - «Նա ոչ միայն չի կարող տվյալներ չունենալ, նա հաստատապես ունեցել է և տվյալների հիման վրա են որոշումները կայացվել»։
Գոյություն ունեցող բազմաթիվ փաստերից, որոնք ներկայացվել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, փաստաբան Վահե Գրիգորյանը մատնանշում է մեկը՝ Զինված ուժերին՝ տվյալ պարագայում ոստիկանության զորքերին այդ գործողություններին մասնակցելու համար հատկացված է եղել 1900 մարտական փամփուշտ, դրանցից օգտագործվել է 1400-ը:
Փաստաբանի փոխանցմամբ, պատկերացնել, որ մարտական փամփուշտներն օգտագործվել են առանց հրամանի, պարզապես խելագարություն է:
«Դա չի կարող լինել առանց հրամանատարական շղթայով հաստատման, դա ուղղակի խելագարություն է պատկերացնել, որ սպաները, ենթասպաներն՝ ամեն մեկն իր նախաձեռնությամբ, գնացել է, վերցրել է այդ մարտական փամփուշտները, եկել և որոշել է, որպեսզի օգտագործի օպերացիայի ընթացքում», - ասաց Գրիգորյանը։
Ընդ որում, «Մարտ 1»-ի 9-ը զոհերի հարազատների ներկայացուցիչը Եվրոպական դատարանում շեշտում է՝ մարտի 1-2-ին գործադրված հատուկ միջոցներից և հրազենից սպանվել է 8 մարդ, 3-ը՝ «Չերյոմուխա 7»-ից, 5-ը՝ հրազենից, նրանք են՝ Զաքար Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը և ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը:
Բացի այդ, նույնը օրը, կրկին մարտական հրազենի կիրառումից, հիմնականում ծանր մարմնական վնասվածքներ են ստացել նաև Սարգիս Նահապետյանը, Ռուբեն Թորոսյանը, Վազգեն Հարությունյանը և Սուրեն Հովհաննիսյանը:
Հարցին, թե կա՞ն գործում ապացույցներ, որ զոհերը հենց այդ օգտագործված մարտական փամփուշտներից են վիրավորվել, Գրիգորյանը պատասխանեց. - «Այո, որոշ զոհեր հենց նույն տրամաչափի փամփոշտների կիրառումից են վիրավորվել։ Եվ այս ամենն ընդամենը ցույց է տալիս Զինված ուժերի ծանր ներգրավվածությունն այս գործընթացին։ Ներքին զորքերը, որքան էլ, որ դրանք ոստիկանության կազմում են՝ ոստիկանապետի ենթակայության ներքո են եղել, նրանք Զինված ուժերի մասին են համարվել Հայաստանի Հանրապետության և այդ իմաստով ուղիղ ենթարկվել են հանրապետության նախագահին»։