Այս իշխանությունների հիմնական արած գործը ըմբոստ մարդկանց երկրից քշելն էր. Արամ Մանուկյան (թարմացվում է)
18.52
30 տարի առաջ Ազատության հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը, այդ շարժումը սկիզբ դրեց սովետական իմպերիայի քայքայմանը. Արամ Մանուկյան
Երեսուն տարի առաջ Ազատության հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ-ի նախաձեռնած՝ «Սկիզբ 88» Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:
«Այս հրապարակում սկսվեց շարժում, որը սկիզբ դրեց սովետական իմպերիայի քայքայմանը, խարխլեց այդ կայսրության հիմքերը, խարխլեց նաև սոցիալիստական լագերի՝ Արևելյան Եվրոպայի երկրի հիմքը: Ղարաբաղյան ազատագրական շարժումն առաջնեկն էր ամբողջ այդ ազատական շարժումների: Այդ շարժումը ոչ միայն առաջինն էր իր սկզբով, այլ առաջինն էր իր մոբիլիզացիայով, իր կազմակերպվածությամբ, իր հումանիզմով, իր երկարակեցությամբ և առաջինն էր իր արդյունքով»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ նման տարբեր երկրներում եղել են հզոր շարժումներ՝ Ուկրաինայում, Լեհաստանում, Մերձբալթիկայում, Վրաստանում, բայց ամենաարդյունավետն ու երկարը, և ամենաքիչ կորուստներ շարժումը եղել է ղարաբաղյան շարժումը:
«Այդ շարժման հզոր լինելու հիմնական գաղտնիքը «Ղարաբաղ կոմիտեն» էր, որը երկար ժամանակ ղեկավարեց շարժումը: Կոմիտեն ուներ այնքան վստահության պահուստ, որ այդ երեք տարին հերիքեց, որ այս հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, վստահության ամբողջ ծավալը հերիքեց ղարաբաղյան ազատագրման ժամանակ, պետություն կառուցելու ժամանակ: Դա էր մեր հաջողության գաղտնիքը, «Ղարաբաղ կոմիտեի» կազմակերպված լինելու արժեքը»,-ասաց Մանուկյանը:
Արամ Մանուկյանը նշեց, որ հավաքը կուսակցական չէ, շարժմանն է նվիրված և հիշատակեց «Ղարաբաղ կոմիտեի» անդամների անունները, ինչին ծափահարություններով արձագանքեցին հանրահավաքի մասնակիցները։ Մանուկյանը նաև հիշատակեց կոմիտեի երեք անդամների անունները, ովքեր մահացել են։
«Մինչև «Ղարաբաղ կոմիտեն» մի քանի հոգանոց կազմ կար՝ Իգոր Մուրադյան, Հրաչյա Սարուխանյան, Վաչե Սարուխանյան, Մանվել Սարգսյան և այլն, որից հետո եկան Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Ալեսքան Հակոբյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Սամսոն Ղազարյան, Դավիթ Վարդանյան, Ռաֆայել Ղազարյան, Աշոտ Մանուչարյան: Մի փոքր տխրությամբ հիշենք, որ կոմիտեից արդեն երեքը չկան՝ Ռաֆայել Ղազարյանը, Համբարձում Գալստյանը և Սամվել Գևորգյանը»,– ասաց Արամ Մանուկյանը՝ նշելով, որ հավաքի խորագիրն է «Սկիզբ88»:
18.42
Այս իշխանությունների հիմնական արած գործը ըմբոստ մարդկանց երկրից քշելն էր. Արամ Մանուկյան
Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում տոնական հանրահավաք է կազմակերպել, որին մասնակցելու համար ոչ ոքի հատուկ հրավեր չի ուղարկվել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:
«Հատուկ հրավերներ ոչ ոքի չի եղել, եղել է բաց հրավեր բոլորին, շարժման մասնակիցներին: Ով գտնում է, որ արժե գալ, շնորհավորել, եկել է»,-ասաց Արամ Մանուկյանը:
Դիտարկմանը, թե 30 տարի առաջ Ազատության հրապարակը լեփ լեցուն էր, իսկ այսօր դատարկ է, Արամ Մանուկյանն ասաց, որ այդ մարդիկ՝ շարժման մասնակիցները հիմնականում դրսում են։
«Այս իշխանությունների հիմնական արած գործը դա էր՝ ըմբոստ մարդկանց քշել երկրից: Հերոս մարդկանց հեռացնել հրապարակից, և իրենց մոտ, կարծես թե, այդ բանը լավ էլ ստացվել է»,– ասաց նա:
Արամ Մանուկյանի խոսքով՝ 30 տարի առաջ Ազատության հրապարակից թափ առած շարժումը լուրջ հաջողության է հասել, շարժումը հասել է Ղարաբաղ, պետականություն, անկախության հռչակագիր...: «Ու եկան չար ուժերը և տարան ամբողջ հաղթանակը: Այսօրվա միջոցառմանը նպատակն է փորձել վերականգնել այդ ոգին, այդ արժանապատվության զգացումը, այդ հաղթողի հոգեբանությունը, սա ավելի շատ դա է խորհրդանշում»:
Հարցին, թե չի հուսահատեցնո՞ւմ սակավ հրապարակը, Արամ Մանուկյանն ասաց, որ պայքարում են անգամ մի քանի հոգով:
Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի կողմից հրավիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաքը։
Հավաքը մեկնարկեց Շարժման խորհրդանիշ համարվող շեփորի կանչով, կլինեն ելույթներ:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հավաքին ներկա չէ։
Հայոց պատմության հերոսական այս դրվագին նվիրված միջոցառմանը նախաձեռնողները նախապես հրավիրել էին նաև Ղարաբաղյան շարժման ղեկավարներին, ակտիվիստներին, երիտասարդ սերնդին:
Հրապարակում ներկայացվել են նաև շարժման տարիների լուսանկարների, պլակատներ, կարգախոսներ, կցուցադրվեն տեսանյութեր։
Տեղի կունենա պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն. 1988-1989» պատմագիտական աշխատության շնորհանդեսը։
Նշենք, որ Շարժմանը նվիրված նյութերի ցուցադրությունը կշարունակվի նաև փետրվարի 21-ին և 22-ին։