Պետք է կենտրոնանանք հաջորդ տարվա վրա. Արամ Համբարյանը՝ 2018թ. «Հազարամյակների մարտահրավերները կորպորացիայի» ծրագրին ՀՀ չմասնակցելու մասին
Հայաստանը դեռ պետք է համապատասխանի ԱՄՆ-ի «Հազարամյակների մարտահրավերները կորպորացիայի» չափանիշներին. Tert.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ-ի՝ այս տարի ևս նշյալ ծրագրում չմասնակցելու մասին՝ այսպես ասաց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նա նկատեց, որ եթե մեր չափանիշները համապատասխանեն, ապա լավ դիրք կգրավենք: «Մենք պետք է կենտրոնանանք հաջորդ տարվա վրա»,- նշեց նա:
Ավելի վաղ Tert.am–ը տեղեկացրել էր, որ Հայաստանն ունի անբավարար ցուցանիշներ մի շարք բնագավառներում` Ամերիկայի Միացյալ Նահանգների «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրի մասնակցելու համար: Նաև ներկայացվել էր ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության արձագանքը դրա հետ կապված, որ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս է հայտնել իր հետաքրքրությունը ծրագրին մասնակցելու համար և պարբերաբար գնահատվում է «Հազարամյակի Մարտահրավերներ Կորպորացիայի կողմից:
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆն այս տարի հայտարարել էր, որ շարունակում է ակտիվորեն փոխգործակցել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ՝ ի աջակցություն «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի կողմից Հայաստանի դպրոցներում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի դրամաշնորհային ծրագիր իրականացնելու:
Հայաստանի մասնակցությունն այս ծրագրին դադարեցվել է 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո: