Իրանի համար ինքնասպանություն է լինելու համաձայնել հրթիռային կարողությունների սահմանափակման պահանջին. Ժաննա Վարդանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս հնարավոր եղավ հասնել դրան, արդյոք ԱՄՆ-ն ընդունե՞լ է Իրանը առաջարկած տասը պահանջներն էլ՝ որպես բանակցության հիմք:
– Իրականում չենք կարող ասել, որ ԱՄՆ-ն ընդունել է Իրանի առաջարկած բոլոր տասը կետերը, առայժմ խոսքն այն մասին է, որ այդ պայմանների շրջանակներում են անցկացվելու բանակցությունները, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ պայմաններն այդ տեսքով, որ իրանական կողմը հայտարարում է, ԱՄՆ-ի կողմից ընդունվել են: Այսինքն՝ դեռ կողմերը պետք է բանակցությունների գնան, ԱՄՆ-ն էլ ունի իր պայմանները, որոնք նախկինում էլ են հնչել: Այս առումով դեռևս պարզ չէ, թե կողմերն ինչպես են հասնելու կոնսենսուսի, և այն հայտարարված պահանջներից ու պայմաններից, որոնք երկու կողմն էլ ներկայացնում են, վերջնարդյունքում ինչ է մնալու, այսինքն՝ հնարավո՞ր է համաձայնագիր, ու դա ի՛նչ տեսք է ունենալու, թե՞ հաստատված հրադադարը շատ փխրուն է, ու այս երկու շաբաթվա ընթացքում դա կխախտվի, ու ռազմական գործողությունները նորից կվերսկսվեն:
Այստեղ շատ կարևոր է նաև Իսրայելի գործոնը, թեև նա հայտարարել է, որ աջակցում է Թրամփի որոշմանը: Պակիստանյան կողմը հայտարարում է, որ այդ հրադադարի մեջ ներառված է նաև Լիբանանը, բայց Իսրայելից հայտարարում են, որ Լիբանանը ներառված չէ, ու գործողությունները շարունակվելու են, այսինքն՝ ընդհանուր առմամբ դեռևս վաղ է հասկանալ ու կանխորոշել, թե վերջնարդյունքում ինչ է ստացվելու այս գործընթացից, որովհետև Իրանն ու ԱՄՆ-ն արդեն երկու անգամ բանակցությունների փորձ արել են, ու դրանից ոչինչ չի ստացվել, ու չկա որևէ երաշխիք, որ այս անգամ այդ փորձը ստացվելու է: Դրական է սակայն այս հանգամանքը, որ ի վերջո կարողացել են նման պայմանավորվածության գալ, բայց, կրկնում եմ, որ դա դեռ ոչ մի երաշխիք չի տալիս:
– Ինչպե՞ս հնարավոր եղավ գալ այդ համաձայնությանը:
– Նկատելի էր, որ կողմերից յուրաքանչյուրն էլ պատերազմին վերջ դնելու ելքեր էր փնտրում, ԱՄՆ-ի կողմից հատկապես ժամկետներ էին նախանշվում, ու նաև այդ սպառնալիքները, որ անընդհատ հնչում էին Թրամփի կողմից, ըստ էության միտված էին բանակցային հնարավորություն ստեղծելուն, այսինքն՝ նման կտրուկ սպառնալիքների միջոցով հասնել բանակցությունների հնարավորությանը:
Իրանական կողմն իր հերթին շարունակում էր իր պայմաններն առաջ քաշել ու իր դիմադրությունը ցույց տալ, բայց պարզ է, որ իրանական կողմը ևս շահագրգռված էր, որ ի վերջո պատերազմը դադարեցվի: Բայց պետք է արձանագրենք, որ իրանական կողմի ձգտումն այն է, որ այդ պատերազմը դադարի ու դադարի վերջնական, այլ ոչ թե լինեն ցիկլեր, մի քանի ամիս հետո վերականգնվեն ռազմական գործողությունները: Եթե գործընթացում ստացվի այնպես, որ Իրանը հասկանա, որ հնարավոր չէ հասնել իրենց այդ նպատակին՝ պատերազմի լիակատար դադարեցմանը ու մյուս պայմանների կատարմանը, հնարավոր է, որ գործընթացն էլի փուլ գա:
– Տիկի՛ն Վարդանյան, ոմանց կարծիքով, այն, որ հաստատվել է երկշաբաթյա հրադադար, սա արդեն Իրանի հաղթանակն է: Կարո՞ղ ենք նման բնորոշում տալ այս պահին:
– Ես առայժմ կխուսափեմ նման որակումներ տալուց, որովհետև դեռ պարզ չէ՝ վերջնարդյունքն ի՛նչ է լինելու: Այս պահին կողմերից յուրաքանչյուրը հայտարարում է, որ հասել է հաղթանակի, բայց քանի դեռ չի եղել բանակցային գործընթացը, ու քանի դեռ կողմերը չեն հասել ինչ-որ փաստաթուղթ կնքելուն, ու մեզ հայտնի չէ, թե ինչ դրույթներ են ներառելու, պետք չէ կոնկրետ հաղթողներ ու պարտվողներ նախանշել:
– Հաշվի առնելով Իրանի տրամադրվածությունը, ԱՄՆ նախագահի կողմից հնչող հայտարարությունները, հետագա զարգացումների ո՞ր սցենարն եք առավել հավանական համարում:
– Իրականում չեմ կարող ասել բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսումն է առավել հավանական, գործընթացը դեռ նոր է սկսվել, ընդամենը ժամեր են անցել, առնվազն պետք է լինի բանակցությունների առաջին փուլը, դրանից հետո պարզ կլինի կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը, նոր դրա հիման վրա կարող ենք հասկանալ, թե մոտավորապես ի՛նչ ուղով է գործընթացն առաջ գնում:
Պետք է արձանագրենք, որ իրավիճակը բավականին փխրուն է, ու չկա որևէ երաշխիք, որ այս հրադադարը չի խախտվելու: Եթե միայն իրանական կողմի մոտեցումները նայենք, ապա իրանցիները շարունակում են անվստահություն ունենալ Նահանգների հանդեպ, քանի որ իրենց փորձը հենց դա է ցույց տվել, որ բանակցությունների կեսից ԱՄՆ-ի կողմից հարձակում է լինելու Իրանի վրա:
– Իրանը, այնուամենայնիվ, շարունակելո՞ւ է հաստատակամ մնալ իր առաջ քաշած կետերին ու սահմանած սկզբունքներին:
– Իրանական կողմի համար դրանք կենսական նշանակություն ունեն, եթե իր այդ մատնանշած կետերից առնվազն մի քանիսը չեն իրագործվում, ըստ էության, Իրանը ոչինչ չի ստանալու պատերազմի վերջնարդյունքում: Եթե, օրինակ՝ չհաջողվի Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն պահպանել կամ հասնել պատժամիջոցների վերացմանը, ստացվելու է, որ վերջնարդյունքում Իրանը բախվելու է հետպատերազմյան խոր ճգնաժամի ու տնտեսական լուրջ խնդիրների, իսկ այդ խնդիրները հաղթահարելու համար Իրանին պետք են ֆինանսներ, որը պետք է լինի պատժամիջոցների վերացման հաշվին կամ, օրինակ՝ Հորմուզի նեղուցից ինչ-որ տուրքեր ստանալու հաշվին, հետևաբար այս ամենը Իրանի համար պարզապես կենսական նշանակություն ունի:
Մյուս կողմից՝ եթե մենք ԱՄՆ-ի պահանջների մասին ենք խոսում, նա էլ առաջ է քաշում հրթիռային կամ միջուկային կարողությունների սահմանափակման հարցը, իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ Իրանը կարողանում է դիմադրել հենց իր հրթիռային կարողությունների հաշվին, հետևաբար Իրանի համար ինքնասպանություն է լինելու համաձայնել հրթիռային կարողությունների սահմանափակման պահանջին: Այս առումով իրավիճակը բավականին բարդ է, ու դժվար է պատկերացնել, թե կողմերն ինչպես են համաձայնության հասնելու:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Իրանի համար ինքնասպանություն է լինելու համաձայնել հրթիռային կարողությունների սահմանափակման պահանջին. Ժաննա Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.