Մենք նախկինում ունեցել ենք սառեցված պատերազմ, ունեցել ենք պատերազմի հետաձգում, բայց ոչ խաղաղություն. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ «երբ մարդն ասում է, որ ինքը Վանից է, դա ոչ թե հայրենասիրություն է, այլ կայսերական հայրենասիրության դրսևորում»։
Կառավարության նիստում նա հավելել է․ «Չեմ վարանի ասել՝ դա ստալինյան հայրենասիրության դրսևորում է», ինչպես նաև նշել, որ չի ընդունում այն պնդումները, թե մինչև 2020 թվականը Հայաստանի Հանրապետությունը խաղաղություն է ունեցել։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը երկար տարիներ գտնվել է «սառեցված պատերազմի» պայմաններում՝ հետաձգելով լայնածավալ բախումները երկրի ինքնիշխանության, անկախության, ազատության և զարգացման հաշվին։
«Մենք այսօր Հայաստանի նավը հասցրել ենք խաղաղության հանգրվանի։ Պարզապես նավի ուղևորները պետք է խաղաղվեն։ Իսկ խաղաղվել նշանակում է՝ տնավորվել, բոխչաները քանդել և դասավորել պահարաններում, այսինքն՝ անցնել մշտական բնակության ռեժիմի», – ասել է նա։
Փաշինյանը նաև զգուշացրել է, որ հակառակ դեպքում տարածաշրջանում «վերադարձի թափանիվը պտտեցնելու» պարագայում հնարավոր են ծանր հետևանքներ․ «Այդ դեպքում տարածաշրջանից «մեծ կտորն ականջն է մնալու», և մենք գիտենք, թե այդ իրավիճակում ով է ամենաշատը տուժում»։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ներկայիս վիճակը «մեծ պատմական ձեռքբերում է», որի մասին, ըստ վարչապետի, ինքը կխոսի մեկ ամիս անց։
«Այս ձեռքբերումը չի կարելի զոհել գերտերությունների շահերին», – եզրափակել է նա։
The post Մենք նախկինում ունեցել ենք սառեցված պատերազմ, ունեցել ենք պատերազմի հետաձգում, բայց ոչ խաղաղություն. Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.