Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կլինի զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին. Փաշինյան
Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրին, Հանրապետության հրապարակում նախատեսվում է անցկացնել ոչ այնքան դասական զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կցուցադրվի վերջին տարիներին ձեռք բերված ռազմատեխնիկան, վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ դեռ աշխատանք է իրականացվում միջազգային գործընկերների հետ։
«Ընդհանրապես, զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու մասին։ Մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերների, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի դա որևէ կերպ չընկալվի որպես խաղաղության օրակարգից հրաժարում», – ասել է նա։
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ նախկինում առաջարկել էր քաղաքացիների փոքր խմբերի համար կազմակերպել ցուցադրություններ, սակայն, նրա խոսքով, «հերթագրված քաղաքացիների թիվն այնքան մեծ է, որ գործնականում հնարավոր չէ այդ ձևաչափով իրականացնել»։
«Եթե այդքան մարդ տեսնի, տեղեկատվությունը միևնույն է լայնորեն տարածվելու է։ Այդ պատճառով ավելի նպատակահարմար է դա անել հրապարակային ձևով, և մենք դա կանենք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում», – նշել է վարչապետը։
Նրա գնահատմամբ՝ միջոցառումը կլինի «տպավորիչ» ՀՀ քաղաքացիների համար։
The post Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կլինի զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին. Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.