Համոզված եմ՝ Քոչարյանն ու Ծառուկյանը մտել են խաղի մեջ Սամվել Կարապետյանին խանգարելու համար. Նորայր Նորիկյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը
– Պարո՛ն Նորիկյան, ընտրություններին ընդառաջ ներքաղաքական ակտիվ վերադասավորումներ են ընթանում, նախօրեին էլ հայտարարվեց, որ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, նրա թեկնածությունը միանշանակ չի ընդունվել հանրության տարբեր շերտերի կողմից: Գործընթացներն ինչպե՞ս կգնահատեք:
– Վերջին երկու-երեք տարիներին մշտապես այդ համոզմունքն եմ ունեցել, որ գործող իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը վերածվել են սիամական երկվորյակի, ապահովում են մեկը մյուսի գոյությունն ու գործունեությունը, երաշխավոր են մեկը մյուսին՝ քաղաքական դաշտում: Բայց դրա հակառակ պատկերն էլ կա. իրենք երկուսն էլ սպառել են իրենց, երկուսն էլ, ինչպես կասեր թիմերից մեկի առաջնորդը, մաշեցրել են իրենց քոքերը: Երեկվա համագումարը կամ հավաքույթը ինձ մոտ սպառված քաղաքական ուժի և սպառված քաղաքական առաջնորդի բենեֆիս էր հիշեցնում, ես չտեսա ոչ մի նոր խոսք ու օրակարգ, միայն նոստալգիկ տրամադրություններ, չեմ կարծում, թե դրանք իրենց դիվիդենտներ է բերելու: Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը շահարկվելու է, վախի մթնոլորտ է ձևավորվելու հանրության մոտ, թե ամեն ինչ անում են, որ Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերեն, սա ակնհայտ է: Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումից Նիկոլ Փաշինյանը փորձելու է քաղել առավելագույնը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվում է, օգտվում է Փաշինյանը, սա ակնհայտ է: Եթե իրենք իսկապես ցանկանում էին, որ այս իշխանությունը հեռանա, իրենք ընդհանրապես չպետք է առաջադրվեին ու հնարավորություն ստեղծեին քաղաքական դաշտում նոր դերակատարություն ունեցող քաղաքական ուժերին համախմբելու, իսկապես համազգային մոբիլիզացիա ձևավորելու ու ընտրությամբ կրիտիկական զանգված հավաքելու և կուլմինացիա ապահովելու համար: Ակնհայտ է, որ Քոչարյանի գնացքը վաղուց գնացել է, իր աստղն արդեն վաղուց չի փայլում, ու ինքը կորցրել է առաջին հորիզոնական գալու հնարավորությունը: Մեր ժողովուրդը չի տալու նրան այնքան ձայն, որ հնարավորություն կտա իրեն կառավարություն ձևավորել, հետևաբար ինքն այս պահին խանգարողի գործառույթ է իրականացնում:
– Իրատեսական չե՞ք համարում նախկին նախագահի այն պնդումը, որ ինքը չի հանգստանա, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել:
– Բա հինգ տարի իրենք ի՞նչ էին անում, այդ տարիների ընթացքում իրենք ապացուցել են, որ իրենց ներուժը բավարար չէ գործող իշխանությանը հեռացնելու համար, ճիշտ հակառակը՝ իրենց պայքարի հետևանքով այսօր այս իշխանությունը խոսում է 65% քվե ստանալու մասին: Այս ընդդիմության ապիկարության հետևանքով է, որ գործող իշխանությունը անպատժելիության զգացումով է համակված: Ձախողումների համար իրենք հավասար պատասխանատվություն են կրում, միասին են մեր ձախողումների ճարտարապետը հանդիսանում, սա ինձ համար համոզմունք է, ու ես առաջին անգամը չէ, որ խոսում եմ այս մասին:
– Պարո՛ն Նորիկյան, իսկ ընդդիմության միավորման ու այդ կերպ գործող իշխանությանը հեռացնելու շանսերը որքա՞ն եք գնահատում:
– Ես դեռևս Սամվել Կարապետյանին ձերբակալելու օրն եմ ասել, այդ ժամանակ չգիտեի էլ, որ նա քաղաքական հայտ է ներկայացնելու, որ նրա անցած ճանապարհը կարող է ստեղծել հնարավորություն, որ իր շուրջ համազգային մոբիլիզացիա լինի: Շատ բան կախված կլինի իրենց ձեռնարկելիք քայլերից, ուղերձներից, այսինքն՝ ինքը պետք է կարողանա դառնալ այն առանցքը, որի շուրջ տեղի կունենա կրիտիկական զանգվածի համախմբում, եթե իրենց հաջողվի նման գործընթաց մեկնարկել, ես ձեզ վստահեցնում եմ, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր է Հայաստանում բեկում իրականացնել:
Ես դրա համար եմ ասում, որ Քոչարյանենց գործոնը խանգարող է, Ծառուկյանենց գործոնը խանգարող է, իրենց ներգրավումը քաղաքական գործընթացներին խանգարում է համազգային մոբիլիզացիայի գործընթացին: Այսինքն՝ իրենք շատ լավ հասկանում են, որ չեն կարող քաղաքական դաշտում այնպիսի դերակատարություն ունենալ, որը կբերի իրենց հաջողության, բայց մտել են քաղաքական դաշտի մեջ՝ ինչ-ինչ ակնկալիքներ ունենալով: Ճիշտ ուղերձների դեպքում, ես չեմ բացառում, որ նման մոբիլիզացիա տեղի ունենա:
Պոտենցիալ տեսնում եմ, ուղղակի պետք է ռեալ քայլեր իրականացվեն, որոնք կբերեն համախմբման, համախմբում ասելով՝ նկատի չունեմ, որ համախմբվեն Գագիկ Ծառուկյանը կամ Ռոբերտ Քոչարյանը Սամվել Կարապետյանի հետ, ճիշտ հակառակը՝ համոզված եմ, որ իրենք մտել են խաղի մեջ Սամվել Կարապետյանին խանգարելու համար, թույլ չտալու, որ Սամվել Կարապետյանի շուրջ կրիտիկական զանգված հավաքվի: Քոչարյանի ու Ծառուկյանի խաղի մեջ մտնելը, չգիտես ինչու, ուրախացրել է իշխանությանը, իշխանությունը, չգիտես ինչու, անընդհատ խոսում է, թե հավաքվել են, որ Գյումրի երկրորդ սցենարը կրկնեն:
Իրենք, ակնհայտ իմանալով, որ չունեն հանրային լայն աջակցություն, ինչու են խաղի մեջ մտել, եթե իրենց նպատակն իրոք Նիկոլին հեռացնելն է: Ուշ չէ, որ իրենք նահանջ անեն ու հնարավորություն տան, որ տեղի ունենա համազգային կրիտիկական զանգվածի համախմբում, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ դեպքում մեր երկրում տեղի կունենա բեկում, ու մենք հունիսին կունենանք նոր իշխանություն ու նոր ընդդիմություն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Համոզված եմ՝ Քոչարյանն ու Ծառուկյանը մտել են խաղի մեջ Սամվել Կարապետյանին խանգարելու համար. Նորայր Նորիկյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.