Փաշինյանը դաշտը բաժանում է խաղաղության մունետիկների ու պատերազմի հրձիգների. ընդդիմությունը պետք է շատ նրբանկատ լինի. Աղազարյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ անկախ պատգամավոր, Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը
– Պարո՛ն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ «նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանությամբ գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»։ Այս հայտարարությունը ինչպե՞ս կգնահատեք, և եթե նոր Սահմանադրությունը ընդունվի՝ առանց Հռչակագրի, ի՞նչ հետևանք է ունենալու պետության համար:
– Դժվար եմ պատկերացնում՝ հղում չի լինելու Հռչակագրի՞ն, թե՞ կոնկրետ հատվածին, որովհետև Հռչակագիրը այսպես ասած պետության ծննդյան վկայականն է, եթե դու հղում չես անում Հռչակագրին, սա նշանակում է, որ դու ծննդյան վկայական չունե՞ս, այսինքն՝ իրապես գնում ես չորրորդ հանրապետության ստեղծմա՞նը: Բայց եթե դու չորրորդ հանրապետության ստեղծմանը գնում ես, ավերելով Երրորդ հանրապետությունը, ու զրոյից սկսում ես չորրորդ հանրապետության կառուցումը, հայտնվում են նոր կառուցապատողներ՝ ի դեմս Ադրբեջանի: Ադրբեջանը գալու է ասի՝ Նիկո՛լ ջան, քանի որ մենք եղբայրներ ենք, չորրորդ հանրապետությունը միասին ենք ստեղծում:
Այս խնդիրը կա, բայց մյուս կողմից՝ եթե մենք հղում ենք անում Հռչակագրի այն հատվածին, որտեղ ասվում է 1989-ի հայտնի որոշման մասին, պետք է նկատել, որ այդ միավորումից հետո Արցախն ինքը հանրաքվե է անցկացրել ու դուրս է եկել այդ միավորումից, դարձել անկախ, չճանաչված պետություն: Հետևաբար կեղծ է այդ թեզը, թե Հռչակագրի այդ հատվածը, որը միայն պատմական նշանակություն ունի, սպառնալիք է կամ տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի հանդեպ: Դա կեղծ թեզ է ու ճնշումների հետևանք, դա քայլ է Երրորդ հանրապետությունը ոչնչացնելու ու չորրորդ հանրապետություն ստեղծելու ճանապարհին՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով:
– Ստացվում է, որ չե՞ք վստահում իշխանության պնդումներին, թե Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին հարց է, ու Ադրբեջանն այդ հարցում որևէ դերակատարում չունի:
– Միանշանակ Ադրբեջանի պահանջի կատարում է, ինչի՛ մասին է խոսքը: Ես չեմ կարծում, թե այս աշխարհում կա գետ մեկ հոգի, որ կարծում է, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում թուրք-ադրբեջանական տանդեմի համար: Չկա աշխարհում նման մեկը, նրանք, ովքեր այդ երանգներով են խոսում, ընդամենը կեղծում են իրողությունները՝ հետապնդելով կոնկրետ քաղաքական նպատակներ:
– Նպատակը չորրորդ հանրապետության ստեղծո՞ւմն է:
– Այո՛, նպատակը դա է, իսկ չորրորդ հանրապետության ստեղծումը լինելու է Ադրբեջանի ջանքերով: Վատագույն դեպքում՝ Ադրբեջանի ասածը՝ կգան իբր ադրբեջանցի փախստականները, մենք մեր տները կվաճառենք, կգնանք երկրից, պատերազմ չի լինի, Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությունն էլ այդ տեսքը կունենա: Այս ճանապարհն է մեզ սպասում, եթե հունիսի 7-ին ՔՊ-ն մեծամասնություն ստանա:
– Պարո՛ն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանի ևս մեկ հայտարարություն բուռն քննարկման է արժանացել, երբ նա խոստովանեց, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին իր ցուցումով են ազատել աշխատանքից, որովհետև նա Արցախի մասին պատմող գիրք է նվիրել ԱՄՆ փոխնախագահին: Համակարծի՞ք եք Փաշինյանին, որ դա սադրիչ քայլ է:
– Բնականաբար շատ վատ եմ վերաբերվում կատարվածին, բայց սա բխում է հենց այդ չորրորդ հանրապետության ստեղծման գաղափարից: Մեզ պատմությունից, արմատներից կտրում են, որ կառուցեն չորրորդ հանրապետությունը:
– Ձեր կարծիքով, երբ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ բացահայտ խոսում է այս թեմաների մասին, իր դիրքորոշումը արտահայտում, մտավախություն չունի՞, որ քիչ քվեներ կարող է ստանալ՝ հաշվի առնելով հանրության արձագանքը այս թեմաների վերաբերյալ:
– Չէ, նա մտավախություն չունի, այս իմաստով նա ճիշտ հաշվարկ է կատարում. քաղաքական դաշտը բաժանում է երկու մասի՝ խաղաղության մունետիկների ու պատերազմի հրձիգների, ժողովրդին էլ ասում է՝ ընտրեք՝ ուզո՞ւմ եք ձեր ամուսինները, որդիները զոհվեն, թե՞ խաղաղ պայմաններում ապրեք: Հետևաբար ընդդիմադիր դաշտը պետք է շատ նրբանկատ լինի, որովհետև այն խաղաղությունը, որ Նիկոլն է բերում՝ արցախյան խաղաղություն, ոչ մեկիս պետք չէ: Իրական խաղաղությունը բոլորովին այլ տեսք ու բովանդակություն ունի, ոչ այն, ինչ առաջարկում է այս իշխանությունը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Փաշինյանը դաշտը բաժանում է խաղաղության մունետիկների ու պատերազմի հրձիգների. ընդդիմությունը պետք է շատ նրբանկատ լինի. Աղազարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.