Փաշինյանի խոստումը՝ մայիսին սպառազինություն ցույց տալու մասին, նախընտրական շոուի մաս է․ Սուրեն Սուրենյանց
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրապարակային պետք է ցույց տան մեր սպառազինությունը, ընդգծելով, որ ժողովրդի առաջ հաշվետվություն են ներկայացնելու, և դա, երևի, մայիսին տեղի կունենա։ Ինչո՞ւ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը նման որոշման հանգեց, պարո՛ն Սուրենյանց:
– Սա նախընտրական շոուի բաղադրիչ է: Փորձելու է ցույց տալ իր մի շատ տարօրինակ հայտարարության օբյեկտիվությունը, բայց, միևնույն է, դրանով չի կարող հիմնավորել այդ հայտարարությունը: Եթե հիշում եք, պետական պարտքի շեշտակի ավելացումը ինքը կապել էր սպառազինության ձեռքբերման հետ, ինչն ակնհայտորեն կեղծիք է, բայց որպեսզի այդ կեղծիքի այսպես ասած ճշմարտացիությունը հասարակությանն ինչ-որ ձևով հրամցնի՝ ակնարկել է, որ մայիսի 28-ին զորահանդես է լինելու:
Բայց այս ամենն ավելի շատ իրեն ուղղված հարցեր են առաջացնելու. մենք գիտենք, որ ինքը անվտանգության հարցում բանակի գործոնը չգիտեմ թե որերորդ տեղում է դնում, ըստ երևույթին, փորձելու է հակադրվել իր իսկ թեզերին, Ալիևից թույլտվություն ստանալ, որովհետև իր խոսքում նա նաև հետևյալ միտքն ասաց. «Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունը ընդգծելով և խաղաղության համատեքստում. խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն»:
Ակնհայտորեն, նախընտրական փիարի տրամաբանության մեջ է, նաև փորձում է ցույց տալ, որ ոչ թե անարդյունավետ կառավարման հետևանքով են այդ պարտքերը կուտակվել, այլ՝ սպառազինության ձեռքբերման: Էժան քայլ է, որով բավարարվելու են իր կողմնակիցները, իսկ հասարակության ավելի մեծ մասը հաստատապես ավելի շատ հարցեր է ունենալու, որովհետև իր էժան փիար գործողություններին որևէ մեկը չի հավատում:
– Փաշինյանն ասում է, որ ցուցադրելու են միայն իրենց իշխանության օրոք և հիմնականում 2022 թվականից հետո ձեռք բերված սպառազինությունը: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ծավալի սպառազինության մասին է խոսքը:
– Դե, նախորդ սպառազինությունը ինքը կործանեց պատերազմներում, բայց այդ միտքը ևս հենց Փաշինյանի քաղաքականության էությունն է արտահայտում: Հասկանո՞ւմ եք, սա պետություն է ինստիտուցիոնալ հիշողությամբ, անցյալով, բայց ինքը այս քայլով ևս փորձում է ջնջել անցյալն ու այդ հիշողությունները:
Երկու խնդիր է լուծում. առաջինը՝ նախընտրական փիար, որ տեսեք՝ ես բանակի մասին մտահոգվում եմ, երկրորդ՝ որ պետական պարտքն ավելացել է, որովհետև սպառազինություն ենք ձեռք բերել: Բայց պետությունը պետական պարտքերը շատ կոնկրետ նպատակներով է վերցնում, ու դա բազմաթիվ փաստաթղթերում երևում է, հետևաբար այս էժանագին շոուն հասցեագրված է, ու դրանով կարող է կերակրել հասարակության միայն ցածր կրթական ցենզ ունեցող մասին:
– Պարո՛ն Սուրենյանց, իշխանությունը մի կողմից «Արցախ» բառի օգտագործումը ներկայացնում է որպես հարևաններին գրգռող քայլ, մինչդեռ մյուս կողմից կազմակերպվում է զինտեխնիկայի ցուցադրություն։ Այստեղ հակասություն չկա՞։
– Այո՛, սա պետք է ավելի շատ գրգռեր, բայց սա արվում է թույլատրելիի սահմաններում, ակնհայտորեն նա Ալիևից թույլտվություն է ստանալու: Ալիևը, ըստ երևույթին, մեկ անգամ նման շոու կազմակերպելու մեջ մեծ խնդիր չի տեսնի, մանավանդ որ գիտի՝ դա ծառայեցվում է Փաշինյանի նախընտրական փիարին: Այլ բան է գիտական գործունեությունը, Արցախի հետ կապված ինստիտուցիոնալ հիշողությունը:
– Այսինքն՝ մայիսի 28-ին մենք տեսնելու ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձեռք բերված սպառազինությո՞ւնը:
– Չգիտեմ, թե ինչ ենք տեսնելու, անկեղծ: Տարօրինակ է, թե ինչու Բանակի օրվա արժևորումից, զորահանդեսներից ամեն կերպ խուսափող իշխանությունը հանկարծ որոշեց բանակի սպառազինություն ցույց տալ կամ էլ զորահանդես անցկացնել: Կրկնում եմ, որ այս քայլով ինքն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան՝ հարցերի պատասխաններ տալիս:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Փաշինյանի խոստումը՝ մայիսին սպառազինություն ցույց տալու մասին, նախընտրական շոուի մաս է․ Սուրեն Սուրենյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.