Պատեհ առիթի դեպքում «խաղաղասեր» Թուրքիան ու Ադրբեջանը կարող են փորձել մուտք գործել Իրանի տարածք․ Միջազգայնագետ
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, աշխարհաքաղաքական ի՞նչ դասավորումներ են ընթանում իրանական պատերազմի ֆոնին, պատերազմող կողմերը շարունակում են հնչեցնել կոշտ հայտարարություններ, նախօրեին էլ պատերազմի անուղղակի կողմ դարձավ թուրք-ադրբեջանական տանդեմը:
– Ամերիկա-իսրայելական տանդեմն ուղիղի պատերազմի մեջ է մտել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, պատերազմը դեռևս ցամաքային զորքերի տեսքով չէ, բայց դա էլ չեն բացառում: Գիտենք, որ Իրանը հայտարարել է ջիհադ, այսինքն՝ բոլոր մահմեդականների դեմ պատերազմ է որակում ու կրոնական պատերազմ է հայտարարել, բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը, հատուցում են պահանջում: Հասկանալի է նաև, որ ամերիկա-իսրայելական տանդեմը չի սահմանափակվել Իրանի հոգևոր առաջնորդի լիկվիդացիայով, այսինքն՝ իրենց գերնպատակն է նոր՝ իրենց ենթարկվող իշխանությունների ձևավորումն Իրանում, ինչի մասին Թրամփն ուղիղ խոսել է:
Տեսանք, որ Իրանում մանկահասակ երեխաների, բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարության սպանդ տեղի ունեցավ, ընդ որում՝ «քաղաքակիրթ աշխարհը», մասնավորապես, Եվրոպան որևէ խոսք չուղղեցին ո՛չ Իսրայելին, ո՛չ ԱՄՆ-ին, ընդհակառակը՝ Իրանին մեղադրեցին ոչ համարժեք ռազմական գործողություններ իրականացնելու մեջ: Գիտենք, որ պատերազմի մեջ են ներքաշվել տարածաշրջանի բոլոր այն երկրները, որտեղ առկա է ամերիկյան ռազմաբազա, որտեղից էլ իրականացվում են հրթիռակոծություններ Իրանի տարածք:
Որպես հեռահար նպատակ ես դիտարկում եմ, որ կա Իրանի մասնատման սցենարը՝ այն է Նոր Բելուջիստան, Ատրպատական-Ադրբեջան կոչվող տարբեր միավորումների ստեղծումն է, Քրդստանի ստեղծման մասին է խոսքը ու նմանատիպ այլ միավորներ: Տեսանելի է սակայն, որ Իրանի նախագահին հաջողվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ միաժամանակ դեռևս պահպանել երկրի ներքին կայունությունը:
– Ի՞նչ ռիսկեր կան:
– Իհարկե գերնպատակն է այս պահին քաոսի մեջ գցել երկիրը, համենայնդեպս, դա մինչև այս պահը չի ստացվում, գիտենք, որ Իրաքի քրդերին են փորձում ներխուժելու «հնարավորություն» տալ: Խոսույթ կա, որ ԱՄՆ-ն արդեն փորձում է ցամաքային արշավ կազմակերպել Իրանի դեմ, հասկանալի է, որ առաջիկայում հնարավոր է լուրջ ճգնաժամ՝ կապված սահմանային անկայունության հետ՝ փախստականների տեսքով, տնտեսական ճգնաժամ և այլն: Այս համատեքստում տեսնում ենք, որ պատերազմին ներքաշվում են հարևան-հարակից երկրները, որոշ վերապահումով Նախիջևանին ԱԹՍ-ներով հարվածը դեռևս չճշտված է մնում, որովհետև կա կարծիք, որ սա ԱՄՆ-Իսրայել տանդեմի պլան է, որը պատրվակ է ստեղծելու Ադրբեջանին ևս ներքաշվել պատերազմի մեջ:
Ադրբեջանում, գիտենք, որ տագնապային առաջին կարգի հավաք է կազմակերպվել, ընդ որում՝ նաև պահեստազորայինների, Սադաթ կոչվող մասնավոր ռազմական կազմակերպությունը Ադրբեջան է ուղարկել թուրքական զինուժից մի հատված, տպավորություն է, որ Թուրքիային ու Ադրբեջանին փորձում են ներքաշել հակաիրանական կոալիցիայի մեջ, որպեսզի ևս մեկ պատերազմական իրավիճակ ստեղծեն Իրանի հետ՝ ավելի բարդացնելով նրա վիճակը:
Իսկ գլոբալ գնահատականս, եթե ուզում եք լսել, հետևյալն է. քաղաքակիրթ աշխարհը լուռ է, ինչպես միշտ, աշխարհաքաղաքականությունը՝ որպես միջազգային իրավունքի հիմքի վրա ստեղծված գաղափար, ոտնահարված է, միջազգային իրավունքը վաղուց բռնաբարված է: Իրականությունը ցույց տվեց, որ Թրամփի նպատակն ամենևին էլ խաղաղությունը չէ, նրա նպատակն է աշխարհով մեկ պատերազմներ վարել, օկուպացնել անգամ իր դաշնակից երկրների տարածքները կամ վտանգ ներկայացնել այնպես, ինչպես եվրոպական որոշ երկրների համար է հիմա ավելի շատ վտանգ ներկայացնում, քան ինչպես մինչև այս պահը դիտարկվում էր Ռուսաստանը:
– Որքանո՞վ եք հավանական համարում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կներքաշվեն այս պատերազմի մեջ:
– Այդ երկրներից հնչում են հայտարարություններ, թե իրենք նպատակադրված չեն իրենց հարևան Իրանի հանդեպ վարել որևէ ռազմական գործողություն: Տպավորություն է, որ նրանց ներքաշում են կամ իրենք իրենց համար իրավիճակ են ստեղծում, որպեսզի Իրանի տարածք մուտք գործելու համար կանաչ լույս ունենան: Ես կարծում եմ, որ պատեհ առիթի դեպքում, երբ տեսնեն, որ այնպիսի քաոտիկ վիճակ է Իրանում, ու իշխանությունները տապալվում են, ավելի քան վստահ եմ, որ «խաղաղասեր» Թուրքիան ու Ադրբեջանը առիթը կօգտագործեն իրենց ծավալապաշտական նկրտումներն իրականացնելու՝ հատկապես Իրանի տարածքի հանդեպ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Պատեհ առիթի դեպքում «խաղաղասեր» Թուրքիան ու Ադրբեջանը կարող են փորձել մուտք գործել Իրանի տարածք․ Միջազգայնագետ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.