Չկա որևէ նորմ, որով երեխայի քաղաքացիության հիմքով հնարավոր է ծնողին հեռացնել աշխատանքից․ Հովհաննիսյանը՝ Պապիկյանի հայտարարության մասին
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, իրավապաշտպան, փաստաբան, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ համահիմնադիր Զառա Հովհաննիսյանը
– Տիկի՛ն Հովհաննիսյան, պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ինքն աշխատանքից ազատել է ՊՆ համակարգում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնք այլ երկրի քաղաքացի զավակներ ունեն: Դուք ինչպե՞ս եք գնահատում նախարարի այս քայլը, նման քայլով հնարավո՞ր է լուծել տարիներով առկա այդ խնդիրը:
– Ինքնին այդ խնդիրը բավականին ծանր է ու ազգային անվտանգության հարց է: Դեռ տարիներ առաջ եմ բարձրաձայնել այս մասին, երբ դիտարկեցի իմ երեխաների դասարանում գտնվող տղա երեխաների քաղաքացիությունը, 2-4 ՀՀ քաղաքացիություն ունեցող տղա կար ընդամենը: Սա ամբողջովին բարոյական դաշտում գտնվող խնդիր է, որովհետև մենք չունենք օրենքի կարգավորում, իսկ մենք իրավական պետություն ենք, ու եթե չկա որևէ օրենսդրական նորմ, ապա ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչպես է եղել այդ ազատման գործընթացը: Այսինքն՝ այդ պայմանագրի լուծման հիմքը լինելու է ոչ իրավաչափ, որը ո՛չ Սահմանադրության, ո՛չ օրենսդրության, ո՛չ էլ Աշխատանքային օրենսգրքի հետ որևէ առնչություն չունի:
Փաստացի մենք ունենում ենք իրավական պետության դիրքերից շեղում, ու կարող է ցանկացած գերատեսչության կամ քաղաքականություն մշակող մարմնի ղեկավար մի օր զարթնել ու ասել, որ այսինչ խմբի մարդկանց աշխատանքից հեռացնում ենք:
Ձեր հաջորդ հարցին անդրադառնալով՝ այս խնդրի լուծումը ոչ թե ռեպրեսիվ մեթոդներն են, այլ ժողովրդավարական, իրավական պետության շրջանակներից ելնելով, տարբեր մեթոդներ կիրառելով պետք է փորձել մարդկանց շահագրգռել, խրախուսել, նույնիսկ բարձրացնելով բանակի որակը: Իրականում շատ վատ ազդակ է այն, ինչի մասին խոսել է պաշտպանության նախարարը, որովհետև եթե պաշտպանության քաղաքականության մշակման մեջ կան բացեր, որոնք վախեցնում, խանգարում են քաղաքացիներին ու թույլ չեն տալիս զուգահեռ զարգանալ ու միևնույն ժամանակ ներգրավված լինել երկրի պաշտպանության գործում, ապա պաշտպանական գերատեսչությունը պետք է մշակի նոր մեթոդներ, այլ ոչ թե վեկտորը փոխել հասարակության կամ այլ օբյեկտների ուղղությամբ:
Սա չափազանց վատ ցուցանիշ է, որ ՊՆ-ում աշխատող մարդիկ իրենց երեխաներին ազատում են պարտադիր զինվորական ծառայությունից, որովհետև նրանք այն մարդիկ են, որոնք շատ ավելի լավ են տիրապետում կառույցի ներքին խոհանոցին, քան մեկ այլ անձ, ու եթե այդ ամբողջ խոհանոցին տիրապետող մարդիկ «փրկում» են իրենց երեխաներին, ապա դա բանակը վերափոխելու ազդակ է, այլ ոչ թե տվյալ ծնողին՝ գործից հեռացնելու:
Այդ մարդկանց պետք է հավաքել, հասկանալ նման քայլի դիմելու պատճառները ու անել խորքային ուսումնասիրություն, թե չէ այդպես հանեցիր մեկին, գալու է հաջորդը, որը նույնն է անելու, հետո՞: Մենք պատճառների՞ հետ ենք աշխատում, թե՞ հետևանքների: Դա ռեպրեսիվ մեթոդ է, որոնք երբեք չեն աշխատում ու ավելին՝ ունենալու ենք գուցե մասնագետների արտահոսք, որոնք կարող էին ունենալ իրենց ներդրումը պետության կայացման գործում: Դու դիմում ես ռեպրեսիվ այդ մեթոդին, բայց խնդիրը մնում է, և ի հետևանք բանակը կրկին մնում է փող ու հնարավորություն չունեցող ծնողների երեխաների ուսերի վրա:
– Ստացվում է, արձանագրո՞ւմ եք, որ այս «հիմքով» մարդկանց աշխատանքից հեռացնելը օրենքի, աշխատանքային իրավունքի խախտում է:
– Իրավաչափ չէ, իհարկե չկա կարգավորող որևէ նորմ, որով դու կարող ես դիտարկել երեխայի քաղաքացիությունը ու ծնողին հեռացնել աշխատանքից: Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես են այդ պայմանագրերը լուծվել: Եթե մարդկանց չեն հրավիրել ու ասել, որ սեփական դիմումի համաձայն հեռանա, ապա չեմ պատկերացնում, թե ինչ կերպ է դա տեղի ունեցել: Առաջարկում եմ լրագրողներին խորքային ուսումնասիրություն անել ու պահանջել, որ նախարարությունը ցույց տա այդ մարդկանց հետ լուծված պայմանագրերը: Իհարկե կարող են ասել, թե դա գաղտնիության շրջանակում է և այլն, բայց շատ հետաքրքիր է, կարելի է ուսումնասիրություն անցկացնել ու հասկանալ, թե ի՛նչ հիմքով է դա արվել:
– Տիկի՛ն Հովհաննիսյան, Պապիկյանը նաև հորդորեց կամ կոչ արեց, որպեսզի ծնողներն իրենց իգական սեռի երեխաներին ևս ընդգրկեն զինվորական ծառայությանը: Ձեր գնահատմամբ՝ այսօր կա՞ այդ հետաքրքրությունը աղջիկների մեջ, որ իրենք մեկնեն պարտադիր զինծառայության:
– Խորքային վերլուծություն իրականացված չէ, ու միայն կոչը բավարար չէ, պետք է հենց ՊՆ-ն ցույց տա, թե որքանո՛վ է համակարգն ադապտացված իգական սեռի ներկայացուցիչների ծառայության համար, ի՛նչ պայմաններ կան դրա համար: Ես որքան գիտեմ, տարին մեկ-երկու դիմում է լինում, առանձնապես մեծ ոգևորություն չկա իգական սեռի ներկայացուցիչների շրջանում, միևնույն ժամանակ նաև տեսնում եմ, որ քաղաքականությունը մշակող գերատեսչությունը պետք է ներկայացներ այդ վերլուծությունները, բայց չի անում դա:
Ոչ մի ոլորտում մենք չունենք գիտահենք մոտեցում, ամեն տեղ նման ուլտրահայրենասիրական կոչեր են հնչում կամ նման ռեպրեսիվ մեթոդներ: Նույն խնդիրը մենք ունենք կրթության ոլորտում, երբ ոլորտում աշխատողների երեխաները կրթություն են ստանում դրսում, այլ ոչ թե Հայաստանում: Այսինքն՝ դու չես վստահում քո երկրի կրթությանը՝ լինելով այդ համակարգի քաղաքականությունը մշակող: Խնդիրը պետք է ստանա համակարգային լուծում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Չկա որևէ նորմ, որով երեխայի քաղաքացիության հիմքով հնարավոր է ծնողին հեռացնել աշխատանքից․ Հովհաննիսյանը՝ Պապիկյանի հայտարարության մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.