Թրամփը քննարկում է Իրանում հնարավոր ռազմական միջամտության տարբերակները. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանում մի շարք հնարավոր ռազմական տարբերակներ՝ երկրում շարունակվող և զոհերով ուղեկցվող բողոքի ցույցերի ֆոնին։
ԱՄՆ-ի երկու պաշտոնյաներ հայտնել են, որ նախագահը վերջին օրերին տեղեկացվել է տարբեր միջամտության սցենարների մասին՝ հաշվի առնելով իր նախորդ հայտարարությունները, ըստ որոնց՝ Վաշինգտոնը կարող է հարված հասցնել իրանական ռեժիմին, եթե ցուցարարների դեմ կիրառվի մահաբեր ուժ։
Ինչպես հայտնում է CNN-ը, ներկայացված տարբերակների մի մասը կենտրոնացած է Թեհրանի անվտանգության ծառայությունների թիրախավորման վրա, որոնք ներգրավված են բողոքի ցույցերի ճնշման մեջ։ Միաժամանակ, վարչակազմում մտահոգություններ կան, որ ռազմական հարվածները կարող են հակառակ ազդեցություն ունենալ՝ համախմբելով իրանցիներին կառավարության շուրջ կամ հրահրելով Իրանի ռազմական պատասխան գործողություններ։
Պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը քննարկում է նաև այլ միջոցներ, որոնք չեն ներառում անմիջական ռազմական հարվածներ։ Դրանց թվում են՝ կիբեր գործողություններ իրանական ռազմական կամ ռեժիմի թիրախների դեմ, նոր պատժամիջոցներ ռեժիմի ներկայացուցիչների կամ տնտեսության առանցքային ոլորտների՝ էներգետիկայի և բանկային համակարգի նկատմամբ, ինչպես նաև տեխնոլոգիական աջակցություն՝ օրինակ Starlink-ի միջոցով ինտերնետ կապն ապահովելու համար՝ տեղեկատվական շրջափակումը շրջանցելու նպատակով։
«ԱՄՆ վարչակազմում մի շարք գերատեսչություններ ներգրավված են նախագահի համար տարբերակների մշակման գործընթացում։ Սպասվում է, որ առաջիկա օրերին տեղի կունենան ավելի ձևակերպված զեկույցներ, այդ թվում՝ անվտանգության բարձր մակարդակի խորհրդակցություն։
Իրանի խորհրդարանի խիստ գծի կողմնակից նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը միևնույն ժամանակ զգուշացրել է, որ եթե Վաշինգտոնը ռազմական միջամտություն իրականացնի, ապա ԱՄՆ-ի ռազմական և առևտրային օբյեկտները, ինչպես նաև Իսրայելը, կդիտարկվեն որպես «օրինական թիրախներ»։ Նա ընդգծել է, որ Թեհրանը չի սահմանափակվի միայն հետադարձ արձագանքով»,-նշում է աղբյուրը։
CNN-ին տրամադրված տվյալներով՝ վերջին 15 օրում Իրանում ձերբակալվել է առնվազն 10,675 մարդ, այդ թվում՝ 169 երեխա։ Human Rights Activists News Agency-ի հաշվարկով՝ նույն ժամանակահատվածում զոհվել է առնվազն 490 ցուցարար, սակայն CNN-ը նշում է, որ չի կարող անկախ կերպով հաստատել այդ թվերը։
Թրամփը շաբաթ օրը սոցիալական ցանցերում գրել է, որ «Իրանը, թերևս, երբեք այսքան մոտ չի եղել ազատությանը», և ընդգծել, որ ԱՄՆ-ը «պատրաստ է օգնել»։ Նա նաև լրագրողներին ասել է, որ եթե Թեհրանը շարունակեր մահաբեր բռնությունը ցուցարարների դեմ, Վաշինգտոնը «կմիջամտի», ինչը, սակայն, չի նշանակի ցամաքային զորքերի տեղակայում։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Իրանում զարգացումներին և գտնվում է պաշտպանական պատրաստվածության մեջ, իսկ վարչապետ Նեթանյահուն նախատեսում է հրավիրել սահմանափակ անվտանգության խորհրդակցություն՝ Իրանի և Լիբանանի շուրջ իրավիճակը քննարկելու համար։
The post Թրամփը քննարկում է Իրանում հնարավոր ռազմական միջամտության տարբերակները. CNN first appeared on MediaLab Newsroom-Laboratory.