Իրանի իշխանությունները առաջին անգամ կիրառել են անօդաչու սարքեր՝ ցուցարարների դեմ
Իրանի իշխանությունները առաջին անգամ կիրառել են անօդաչու թռչող սարքեր՝ բողոքի ցույցերի մասնակիցների դեմ իրականացվող գործողությունների ընթացքում։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Բողոքի ցույցերով ալեկոծված Իրանում արդեն ավելի քան 60 ժամ չկա ինտերնետ, սկսվել են նաև էլեկտրամատակարարման ու բջջային կապի խափանումներ։ Երկրից տեղեկատվությանը հնարավոր է հետևել հիմնականում միայն Starlink արբանյակային կապի միջոցով։
«Բողոքները շարունակվում են․ բազմաթիվ մեծ ու փոքր քաղաքներում փողոցներ են դուրս գալիս մարդկանց մեծ բազմություններ։ Միևնույն ժամանակ անվտանգության ուժերի կողմից կիրառվող բռնությունները դարձել են ծայրահեղ դաժան ու արյունալի,-հաղորդում է աղբուրը: -Առաջին անգամ օգտագործվել են անօդաչուներ՝ պարեկության նպատակով, ինչը նշանակում է, որ առաջացել է օդային դիտարկմամբ ցուցարարների նույնականացման ռիսկ»։
Deutsche Welle-ի Իրանում աշխատող թղթակիցը հաղորդել է, որ հիվանդանոցները գերծանրաբեռնված են զոհերի ու վիրավորների մեծ թվի պատճառով, իսկ Թեհրանում արյան պակաս կա փոխներարկումների համար։
«Նույնիսկ հիվանդանոցներն այլևս անվտանգ չեն մարդկանց համար»,-տեղեկացրել է ականատեսը: Նրա խոսքով՝ մեծ է վիրավորների առևանգման վտանգը անվտանգության ուժերի կողմից, և բազմաթիվ դեպքերում նրանք հրաժարվում են վերադարձնել սպանվածների մարմինները ընտանիքներին։
«Դատելով բռնաճնշումների մասշտաբից, պաշտոնյաների սպառնալիքներով լի հայտարարություններից և պետական մեդիայի տոնից՝ իրավիճակը ամբողջովին այլ է և, ըստ երևույթին, անսպասելի է եղել իշխանությունների համար»,-հաղորդում է Deutsche Welle-ն։
The post Իրանի իշխանությունները առաջին անգամ կիրառել են անօդաչու սարքեր՝ ցուցարարների դեմ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.