Առնվազն 538 զոհ,10,600 ձերբակալված . Իրանում բողոքի ալիքը ճնշվում է բռնությամբ. AP
Իրանում համազգային բողոքի ցույցերի դեմ իրականացվող ուժային գործողությունների հետևանքով զոհերի թիվը կտրուկ աճել է՝ հասնելով առնվազն 538 մարդու, կիրակի հայտնել են իրավապաշտպան ակտիվիստները։ Ըստ ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency-ի՝ իրական թիվը կարող է ավելի բարձր լինել։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նույն աղբյուրի տվյալներով՝ վերջին երկու շաբաթների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 10,600 մարդ։ Զոհվածներից 490-ը ցուցարարներ են, իսկ 48-ը՝ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ Կազմակերպությունը նշում է, որ իր տվյալները հավաքագրվում են Իրանում գործող աջակիցների միջոցով և համադրվում են տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ։
Իրավիճակի գնահատումն արտաքին աշխարհից բարդացել է՝ Իրանում ինտերնետի անջատման և հեռախոսային կապի կասեցման պատճառով։ Associated Press-ը հայտնում է, որ այս պայմաններում չի կարող անկախ կերպով հաստատել զոհերի թիվը։ Իրանի իշխանությունները մինչ այժմ չեն հրապարակել ընդհանուր պաշտոնական տվյալներ զոհերի վերաբերյալ։
Միաժամանակ, Թեհրանը կրկին զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն ուժ կիրառի ցուցարարներին պաշտպանելու նպատակով, ապա ամերիկյան ռազմական օբյեկտներն ու Իսրայելը կդիտարկվեն որպես «օրինական թիրախներ»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, հայտարարել է, որ աջակցում է իրանցի ցուցարարներին և նշել է, թե Միացյալ Նահանգները «պատրաստ է օգնել»։
Իրանում բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 28-ին՝ ազգային արժույթի կտրուկ արժեզրկման և սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին, ապա վերածվել են ուղիղ կոչերի՝ ուղղված երկրի թեոկրատական համակարգի դեմ։
The post Առնվազն 538 զոհ,10,600 ձերբակալված . Իրանում բողոքի ալիքը ճնշվում է բռնությամբ. AP first appeared on MediaLab Newsroom-Laboratory.