Խամենեին միասնության կոչ է արել Իրանի բնակիչներին՝ ԱՄՆ-ին մեղադրելով անկարգությունների համար
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին երկրի բնակչությանը ուղղված ուղերձում կոչ է արել իրանցի երիտասարդությանը պահպանել միասնությունը՝ երկրում շարունակվող լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հարգելի երիտասարդներ, պահպանեք ձեր պատրաստակամությունն ու միասնությունը։ Համախմբված ազգը կհաղթի ցանկացած թշնամու»,– Խամենեիի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։
Խամենեին նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է Իրանում անկարգությունների սրմամբ՝ պնդելով, որ ցուցարարները գործում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկություններին համապատասխան։
Նա կոչ է արել Դոնալդ Թրամփին կենտրոնանալ Միացյալ Նահանգների ներքին խնդիրների վրա։
«Երեկ երեկոյան Թեհրանում մի խումբ վանդալներ ավերել են իրենց սեփական երկրին պատկանող շենքը՝ ԱՄՆ նախագահի հաճոյանալու համար։ Եթե նա ընդունակ է դրան, թող զբաղվի իր երկրի կառավարմամբ»,– Խամենեիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Բողոքի ցույցերը Իրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի հետևանքով։ Սկզբում հիմնական դժգոհությունները վերաբերում էին փոխարժեքի կտրուկ տատանումներին և դրանց ազդեցությանը մեծածախ ու մանրածախ գների վրա։ Սակայն հետագայում մի շարք քաղաքներում ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ձեռք են բերել քաղաքական բնույթ՝ ուղղված Իրանի գործող քաղաքական համակարգի դեմ։
Հաղորդվում է զոհերի մասին թե՛ անվտանգության ուժերի, թե՛ ցուցարարների շրջանում։ Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ զոհերի թիվը տատանվում է 34-ից 45-ի միջև, մինչդեռ իրանական ԶԼՄ-ները հաղորդում են 21 զոհի մասին։ Ցույցերի ֆոնին սահմանափակվել է նաև ինտերնետի հասանելիությունը։
The post Խամենեին միասնության կոչ է արել Իրանի բնակիչներին՝ ԱՄՆ-ին մեղադրելով անկարգությունների համար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.