ԱՄՆ-ի դուրս գալը կլիմայի և կենսաբազմազանության կառույցներից խնդիրներ է ստեղծում Հայաստանում նախատեսվող COP17-ի համար
ԱՄՆ-ի՝ կլիմայական և կենսաբազմազանության առանցքային միջազգային կառույցներից դուրս գալու որոշումը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա։ Դոնալդ Թրամփի հրապարակած հուշագրով Վաշինգտոնը դադարեցնում է մասնակցությունն ու ֆինանսավորումը մի շարք գլոբալ հարթակների, ինչը վտանգում է դրանց քաղաքական և ֆինանսական կայունությունը, այդ թվում՝ կենսաբազմազանության ոլորտում։ Այս զարգացումները հատկապես զգայուն են այն պայմաններում, երբ Հայաստանը պատրաստվում է այս տարի հյուրընկալել կենսաբազմազանության COP17 գագաթաժողովը։
Տեղեկացնենք, որ Դոնալդ Թրամփը հրապարակել է հուշագիր, որով ԱՄՆ գործադիր մարմիններին հանձնարարում է դադարեցնել մասնակցությունն ու ֆինանսավորումը տասնյակ միջազգային կազմակերպությունների՝ կլիմայի, կենսաբազմազանության, էներգետիկայի և մարդու իրավունքների ոլորտներում։
Ցանկում ընդգրկված են ոչ միայն խորհրդատվական կամ երկրորդային կառույցներ, այլև գլոբալ քաղաքականության ձևավորման հիմնասյուներ՝ կլիմայի և կենսաբազմազանության միջկառավարական հարթակները, կլիմայի կոնվենցիայի քարտուղարությունը, միջազգային վերականգնվող էներգետիկայի գործակալությունը, բնության պահպանության միջազգային միությունը և այլ կառույցներ։
Թրամփի վարչակազմը այս կազմակերպությունների գործունեությունը գնահատել է որպես «հակասող ԱՄՆ շահերին»՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը պետք է դուրս գա կամ դադարեցնի աջակցությունը այն հարթակներին, որոնց մասնակցությունը այլևս չի համընկնում ազգային քաղաքական առաջնահերթություններին։
ԱՄՆ-ի դուրս գալը կարող է էապես թուլացնել այդ հարթակների ֆինանսական կայունությունն ու քաղաքական կշիռը։ Կլիմայի և կենսաբազմազանության ոլորտներում դա նշանակում է միջազգային քաղաքականությունների զգալի թուլացում, ինչը իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանում այս տարի նախատեսվող կենսաբազմազանական COP17 գագաթաժողովի վրա։
MediaLab.am
The post ԱՄՆ-ի դուրս գալը կլիմայի և կենսաբազմազանության կառույցներից խնդիրներ է ստեղծում Հայաստանում նախատեսվող COP17-ի համար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.