«Առաջին մարտիկ» թե «առաջին տիկին». ո՞վ է Վենեսուելայի ամենաազդեցիկ կինը՝ Նիկոլաս Մադուրոյի կինը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, Նյու Յորքի դատարանում հայտարարել է, որ ինքը Վենեսուելայի Հանրապետության առաջին տիկինն է և լիովին անմեղ է։ «Ես առաջին տիկինն եմ։ Անմեղ եմ։ Բացարձակապես անմեղ»,-ասել է Ֆլորեսը դատական նիստի ընթացքում, որտեղ նա ներկայացել է ամուսնու հետ միասին՝ այն բանից հետո, երբ ամերիկյան հատուկջոկատայինները հունվարի 3-ին նրանց ձերբակալել էին Կարակասում։
Այս մասին գրում է Deutsche Welle-ն, նշելով, որ պաշտոնական աղբյուրների և ռեժիմի գործունեությունը ուսումնասիրող հետազոտողների գնահատմամբ՝ Սիլիա Ֆլորեսը համարվում է Վենեսուելայի ամենաազդեցիկ քաղաքական դեմքերից մեկը։
Ֆլորեսը ծնվել է 1956 թվականին, ստացել է իրավաբանական կրթություն։ 1990-ականների սկզբին նա ընդգրկված է եղել իրավաբանների խմբում, որը պաշտպանել է Ուգո Չավեսին 1992 թվականի անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո և նպաստել նրա ազատմանը բանտից։ Այդ ժամանակահատվածում էլ նա ծանոթացել է Նիկոլաս Մադուրոյի հետ։
Ուգո Չավեսի իշխանության գալուց հետո Ֆլորեսը արագորեն դարձել է ռեժիմի առանցքային դեմքերից մեկը։ 2007 թվականին նա ընտրվել է խորհրդարանի նախագահ՝ դառնալով այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։ Reuters-ի տվյալներով՝ պաշտոնը ստանձնելուց հետո նա շուրջ 50 աշխատակիցների փոխարինել է իր ազգականներով և մտերիմներով։ 2012 թվականին Չավեսը նրան նշանակել է գլխավոր դատախազ։
Նիկոլաս Մադուրոն և Սիլիա Ֆլորեսը ամուսնացել են 2013 թվականին՝ Մադուրոյի նախագահ դառնալուց հետո։ Այդ ժամանակ Մադուրոն հրաժարվել է «առաջին տիկին» ձևակերպումից՝ Ֆլորեսին անվանելով «առաջին մարտիկ»։
2015 թվականին ԱՄՆ-ում դատապարտվել են Ֆլորեսի երկու եղբորորդիները՝ կոկաինի մաքսանենգության փորձի գործով։ Նրանք հայտնի էին «նարխո-եղբորորդիներ» անվամբ։ Մեղադրանքի համաձայն՝ գործարքից ստացված գումարները նախատեսվում էր օգտագործել Ֆլորեսի ընտրարշավի ֆինանսավորման համար։ 2018 թվականից Սիլիա Ֆլորեսը գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ։
The post «Առաջին մարտիկ» թե «առաջին տիկին». ո՞վ է Վենեսուելայի ամենաազդեցիկ կինը՝ Նիկոլաս Մադուրոյի կինը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.