Գրենլանդիան հարկավոր է ԱՄՆ-ին ազգային անվտանգության տեսանկյունից. Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 4-ին կրկին հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին։ Այս թեմային ԱՄՆ նախագահը անդրադարձել է լրագրողների հետ զրույցում՝ նախագահական ինքնաթիռում։
«Մեզ հարկավոր է Գրենլանդիան։ Այս պահին այն ունի կարևոր ռազմավարական նշանակություն։ Գրենլանդիան ամբողջությամբ շրջապատված է ռուսական և չինական նավերով։ Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության տեսանկյունից, իսկ Դանիան ի վիճակի չի լինի ապահովել դա»,- CNN-ի փոխանցմամբ ասել է Թրամփը։
Նա հավելել է նաև, որ Եվրամիության շահերից ևս բխում է, որպեսզի Գրենլանդիան դառնա ամերիկյան վերահսկողության ներքո։
Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու իր մտադրության մասին՝ նշելով, որ Ատլանտյան օվկիանոսում գտնվող և հսկայական բնական ռեսուրսներով հարուստ կղզին կարևոր է ԱՄՆ անվտանգության ապահովման համար։ Գրենլանդիան հանդիսանում է Դանիայի ինքնավար տարածք։
Այս նպատակով Թրամփը 2025 թվականի դեկտեմբերի վերջին նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի, քայլ, որը խստորեն դատապարտվել է Դանիայի կողմից։
Ե՛վ Գրենլանդիան, և՛ Դանիան, որը ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ-ի դաշնակիցն է, կտրականապես դեմ են նման նախաձեռնությանը։
The post Գրենլանդիան հարկավոր է ԱՄՆ-ին ազգային անվտանգության տեսանկյունից. Թրամփ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.