Հայաստանում օրենքի խախտմամբ ստեղծվում է շատ վատ նախադեպ. Հրանտ Միքայելյանը՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մասին
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
– Պարո՛ն Միքայելյան, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու օրենքի նախագիծը: Որո՞նք են լինելու այս գործընթացի հնարավոր ռիսկերը:
– Ամբողջովին խնդրահարույց գործընթաց է, բայց այն, ինչ սպասվում է, ոչ թե ռիսկեր են, այլ հետևանքներն են լինելու, հարցն ուղղակի այն է, թե ո՛ր հետևանքը ի՛նչ հավանականությամբ է իրականանալու:
Առաջին ու հիմնական հետևանքը կառավարման քաղաքականացումն է, այսինքն՝ այն, որ իշխանությունը, ելնելով տվյալ պահի քաղաքական շահերից, կարող է նման խոշոր ձեռնարկության կարգավիճակը փոխելու որոշում ընդունել, իսկ սա դառնալու է նախադեպային, որովհետև նույնիսկ այս իշխանության հեռացումից հետո հաջորդներն էլ կարող են նման կերպ վարվել իրենց հակառակորդների հետ, քանի որ արդեն կա նման նախադեպ: Այսինքն՝ Հայաստանում օրենքի խախտմամբ ստեղծվում է շատ վատ նախադեպ, սա, կարծում եմ, ավելի մեծ վտանգ է, քան, օրինակ՝ ներդրումային միջավայրի հետևանքները, որոնց մասին ավելի շատ է քննարկվում:
– Ներդրումային միջավայրում ի՞նչ հետևանքներ են լինելու:
– Մենք գործ ունենք ընկերության հետ, որը, ըստ իր հայտարարության, եթե ճիշտ եմ հիշում, 680 միլիոն դոլարի ներդրում է արել ՀԷՑ-ում, ինչն էլ ապահովում է ներկա համակարգի աշխատանքը: Ես չեմ տեսել այդ տեղեկատվության հերքում ու ենթադրում եմ, որ այս տեղեկատվությունը կեղծ չէ։
Եթե այդպես է, ապա մենք գործ ունենք մի ընկերության հետ, որը լուրջ ներդրում է արել, ու հիմա իր սեփականատիրոջ քաղաքական հայացքների անհամաձայնության պատճառով իշխանությունն այն խլում է: Սա, իհարկե, ցանկացած ներդրողի համար վատ օրինակ է լինելու, մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնենք, որ ոչ բոլոր ներդրողներն են իրենց համեմատելու այս ընկերության հետ, բայց այստեղ խնդիրը նույնիսկ ոչ թե զուտ քաղաքականացման մեջ է, այլ՝ կամայականության, իսկ սա ցանկացած խոշոր ներդրողի համար արդեն վտանգ է:
Պետք է նաև մի բան էլ հաշվի առնենք, որ այսօրվա իրավիճակում Ռուսաստանից ու Արևմուտքից բիզնեսի համար Հայաստանի ներդրումային միջավայրը նույնը չէ, օրինակ՝ արևմտյան բիզնեսը կարող է համարել, որ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է, ապա նրա նկատմամբ այս ոտնձգությունը կարող է իրենց վրա չտարածվել, հետևաբար այնպես չէ, որ սա կարող է ազդել ամբողջ ներդրումային դաշտի վրա:
Եվս մեկ հանգամանք․ վերջին տարիներին Հայաստանում ներդրումների ներհոսքը եղել է բավականին փոքր՝ ՀՆԱ-ի համեմատ կազմել է մինչև 1 տոկոս, այսինքն՝ ներդրումների պակասումը շատ բան չի փոխելու, բայց մենք կարող ենք տեսնել, որ հենց կապիտալը դուրս գա Հայաստանից, չնայած չի բացառվում, որ իշխանամերձ շրջանակներում գուցե նման ակնկալիք էլ կա, որպեսզի սեփականության խոշոր վերաբաշխում իրականացվի, ես նման բան չէի բացառի, որ կան գործարարներ, որոնք կուզեին ռուսական ծագումով բիզնեսի հաշվին ավելի էժան գնել լուրջ ակտիվներ։ Հիմա մենք տեսնում ենք, որ «Վիվա Սելի» հետ կապված կա գործընթաց, ու այստեղ ևս կարող է նման բան լինել:
Սա ոչ միայն արտաքին ներդրումային միջավայրի վրա է ազդելու, այլ նաև՝ ներքին, ու մենք կարող ենք այստեղ տեսնել, որ այն, ինչ տեղի է ունեցել 90-ականներին ու 2000-ականների կեսերին՝ սեփականության խոշոր վերաբաշխում, տեսականորեն կարող է տեղի ունենալ հիմա, հայտնի է նաև Ծաղկաձորի հյուրանոցի դեպքը:
Եվս մեկ հետևանք ես կնշեի, որ եթե ՀԷՑ-ը պետականացվում է հիմա, ապա կարող է հետո վերավաճառվել, ու այստեղ կան լուրջ հարցեր՝ ո՞ւմ է վաճառվելու:
– Պարո՛ն Միքայելյան, այո՛, իշխանության ներկայացուցիչները դա չեն էլ բացառում, ասել են, որ ՀԷՑ-ը պետականացնելուց հետո հնարավոր է վաճառեն մասնավորին:
– ՀԷՑ-ի պետականացման գործընթացում բազմաթիվ են հետևանքները, որոնց մեջ թե՛ սեփականության վերաբաշխումն է, թե՛ կամայականության պրակտիկայի ներդրումը, որոշակի ազդեցությունը ներդրումային միջավայրի վրա:
Ես այսօր լուրջ ռիսկ չեմ համարում այն, որ ՀԷՑ-ը միանգամից սկսելու է վատ աշխատել, որովհետև ներդրումները, որոնք արվել են, բավական երկար ցիկլ ունեն, ու որպեսզի ենթակառուցվածքները սկսեն հնանալ, երկար ժամանակ է անհրաժեշտ: Հնարավոր է, որ նախատեսված ծրագրերը, եթե այդպիսիք կան ՀԷՑ-ի հետ կապված, չեղարկվեն, սա ևս հետևանքներից մեկն է լինելու:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Հայաստանում օրենքի խախտմամբ ստեղծվում է շատ վատ նախադեպ. Հրանտ Միքայելյանը՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.