Սերժ Սարգսյանի կարած սուպերվարչապետական կոստյումը շարունակում է հարմար նստել Փաշինյանի վրա
Սահմանադրական առաջին համաժողովրդական հանրաքվեն 1995 թվականի հուլիսի 5-ին էր, երբ մասնակիցների 68 տոկոսը կողմ քվեարկեց Սահմանադրությանը, և այն ուժի մեջ մտավ 1995-ի հուլիսի 7-ից։
2014 թվականին Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվեց աննախադեպ սուպերվարչապետական համակարգ՝ սկիզբ դնելով կառավարման մի մոդելի, որի տրամաբանությունը հիմնված էր ոչ թե փոխզսպման, իշխանության ճյուղերի տարանջատման ու հաշվետվողականության, այլ միահեծան իշխանության վրա։
Չնայած Հանրապետական կուսակցությունը սահմանադրական այս փոփոխությունները փորձում էր ներկայացնել որպես ժողովրդավարական բարեփոխում, դրանց խորքային նպատակը հայտնի էր բոլորին․ կառուցել քաղաքական իշխանության պահպանման այնպիսի համակարգ, որի շնորհիվ հնարավոր կլիներ առաջիկա տասնամյակների համար ապահովել Հանրապետականի քաղաքական գերիշխանությունը, իսկ Սերժ Սարգսյանի համար՝ երկրի ղեկավարման երրորդ ժամկետ։
Այդ օրերին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը առանց երկիմաստության հայտարարում էր, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի իշխանությունը պետք է անցնի Մելիք-Ադամյան 2-ով՝ նկատի ունենալով ՀՀԿ գործադիր մարմնի գրասենյակի հասցեն։
Թեև հասարակությունը լրջորեն հիասթափված էր կոռումպացված իշխանություններից և երկրում տիրող անպատժելիության մթնոլորտից, այնուամենայնիվ հույս ուներ, որ Սերժ Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո նա կհեռանա, և երկրում որոշ փոփոխություններ կսկսվեն։ Հանրային տրամադրությունները աներկբա դեմ էին Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ երկրի ղեկավար դառնալու հեռանկարին, այլ ոչ թե սահմանադրական խրթին իրավաբանական ձևակերպումներին:
Որպեսզի այս հանգամանքը խոչընդոտ չդառնար Հանրապետական կուսակցության երկարաժամկետ ծրագրերին, Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, թե չունի վարչապետ դառնալու հավակնություն․
«Ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»։
Սահմանադրական փոփոխություններից հետո նա բացահայտ դրժեց իր խոստումը՝ փորձելով սուտը փաթեթավորել որպես բառախաղ՝ պնդելով, թե ասել է «չեմ հավակնի», ոչ թե՝ «չեմ դառնա», իսկ կուսակցության հիմնական խոսափողները՝ Շարմազանովը, Աշոտյանը և մյուսներ, լրատվական հարթակները գրավել էին Սարգսյանի անփոխարինելիության խոսույթով։
Սակայն հենց այս աղաղակող սուտը դարձավ այն վերջին կաթիլը, որ հանգեցրեց հանրային աննախադեպ դժգոհության ալիքի։ Այն, իր հերթին, ճանապարհ հարթեց 2018 թվականի կառավարելի հեղափոխության համար, որի արդյունքում վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը՝ իբր թե այդ նույն համակարգի դեմ պայքարող առաջնորդի դերում։
Ճիշտ է, սկզբից Փաշինյանը խոստացավ վերացնել սուպերվարչապետական մոդելը, փոխել Սահմանադրությունը, վերականգնել իշխանության ճյուղերի տարանջատման ու փոխզսպման սկզբունքը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ համակարգը ոչ միայն չփոխվեց, այլև որոշ առումներով դարձավ ավելի կենտրոնացված և վերահսկողությունից դուրս, իսկ վարչապետի լիազորությունները նույնիսկ ընդլայնվեցին։
Բավական է հիշել վարչապետի վերջին խոստովանությունը, որ Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես իրեն ենթակա կառույց, իրեն փոխանցում է քաղաքացիների անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ, ինչը անընկալելի հայտարարություն է բոլոր ժողովրդավարական երկրների համար։
Ինչևիցե, թեև այսօր Սահմանադրության օրն է, և Նիկոլ Փաշինյանը Օպերայի կիսադատարկ դահլիճում իշխանական վերնախավին ներկայացնում էր Միքելանջելոյի որմնանկարի ու Սահմանադրության միջև եղած կապը, խոսում թուրք կամ ռուսահպատակ իշխանավորների մասին, հայ հասարակությունը անմասն է այդ տոնակատարությունից և հստակ գիտակցում է, որ Սահմանադրությունը վաղուց վերածվել է իշխանությունը պահելու տեխնիկական միջոցի։
Ավելի ցավալի է, որ հենց այս օրը, Սահմանադրության տոնի ուղերձներից ավելի լայն արձագանք է ստանում ոչ թե Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի խոսքը, այլ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի ստորացուցիչ հայտարարությունը, որը տարածվում է սոցցանցերում․
«Մինչև 2020 թ․ Հայկական եկեղեցու առաջնորդները մեզ նայում էին վերևից։ Դա վիրավորում էր մեզ։ Այժմ ես հաղթող ժողովրդի շեյխ ուլ իսլամն եմ։ Վերականգնվել է Իրեվանի ղազիաթը։ Հույս ունեմ՝ շուտով կվերադառնանք այդ տարածքներ, կվերականգնենք մեր սրբավայրերը, մզկիթները, և այնտեղ կգործեն մեր կրոնական գործիչները»։
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հեգնանքով արձագանքեց Մայր տաճարում հնչած զանգերին՝ ընդգծելով, թե հավաքվածների թիվը չի անցել 1500-ը։ Դե ինչ, եթե Փաշազադեի ու Ալիևի երազանքները կատարվեն, և Հայաստան «վերադառնան» 300․000 ադրբեջանցիներ, միգուցե մզկիթների ազանի կանչին հավաքվածները տասնյակ անգամներով ավելի լինեն:
Մարի Ներսեսյան
MediaLab.am
The post Սերժ Սարգսյանի կարած սուպերվարչապետական կոստյումը շարունակում է հարմար նստել Փաշինյանի վրա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.