Ես չեմ տեսել որևէ գործով նման քարոզչություն, անմեղության կանխավարկածի նման խախտում, դե «սամասուդ» արեք վերջացրեք. Ալեքսանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը
– Տիկի՛ն Ալեքսանյան, իշխանության ներկայացուցիչների գնահատմամբ՝ Հայաստանում կանխվել է ահաբեկչության փորձ, երկրորդ հոկտեմբերի 27: Ի՞նչ կասեք այս գնահատականների և հայտարարությունների մասին:
– Ես ինքս մասնակցել եմ հոկտեմբերի 27-ի նախաքննությանը ու շատ լավ հիշում եմ այդ օրը. այդ օրը քաղաքը լուռ էր: Ի՞նչն են համեմատում հոկտեմբերի 27-ի հետ, թող սկզբում նախաքննություն ընթանա, բայց մենք տեսնում ենք, որ քննությունը վարում են Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, իրենց հարող պրոպագանդիստները:
Սա մի խայտառակ իրավիճակ է, ես չեմ տեսել նման բան, մեր գլխով շատ բաներ են անցել, բայց նման իրավիճակ, այսպիսի տոտալ քարոզչություն՝ մեղադրական ուղղորդումով չի եղել: Մենք զոհեր ունե՞նք, ի՞նչ են հայտնաբերել, որ նման համեմատություն են տանում: Ինչո՞ւ են նախաքննության գաղտնիքները դարձել հանրության սեփականություն, փաստաբանների համար այդ ամենը մնում է իբրև նախաքննական գաղտնիք, իսկ ՔՊ-ի ու նրանց քարոզիչների համար՝ շատ բաց տեքստով մարդկանց մեղադրանքներ ներկայացնելու գործիք: Դե «սամասուդ» արեք վերջացրեք:
Ես չեմ տեսել որևէ գործով նման քարոզչություն, անմեղության կանխավարկածի նման խախտում, ավելին՝ իրենք ահաբեկիչներ են ասում փաստաբաններին, որոնք ստանձնել են Բագրատ Սրբազանի ու այլոց պաշտպանությունը: Ստեղծվել է մի աննախադեպ իրավիճակ, որին ինքս թերահավատորեն եմ վերաբերվում, ինչո՞ւ եք անում այդ քարոզչությունը, եթե դուք ունեք ապացույցներ:
– Ասում են, թե այդ ձայնագրությունները բավարար են:
– Կոնտեքստից հանել ցանկացած խոսք՝ շատ հնարավոր է, բայց չեմ պնդում, թող քննություն ընթանա, թող փորձագետները որոշեն, բայց այն, որ ձայնագրությունը մոնտաժված է, դա արդեն բավարար է, թողնեիք մարդիկ լսեին ամբողջ ձայնագրությունը: Կարող է քննության ընթացքում այնպիսի ապացույց երևան գա, որ ամբողջությամբ հերքի այդ ձայնագրությունը:
Այդ ձայնագրությունը չպետք է դառնար հանրության սեփականությունը, ես տեսնում եմ, որ բոլորը, այդ թվում՝ լրագրողները հենվում են այդ ձայնագրության վրա, բայց դա խայտառակություն է, տգիտություն, հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դա անում է գիտակցաբար՝ իրենց նպատակներին հասնելու համար:
– Տիկի՛ն Ալեքսանյան, ի՞նչ նպատակ են հետապնդում:
– Եկեղեցու դեմ է ուղղված այդ ամենը, լրիվ ավերում են այս երկիրը: Նիկոլ Փաշինյանն ուզում է ասել, որ դատական համակարգն ինքն է, ամեն ինչն ինքն է: Մի մարդ, որն առաջադրանք կատարող է, ուրիշ ոչինչ ու ոչինչ չի արել այս երկրի համար՝ մեր արժեքներն անարգելուց բացի, հիմա Հայաստանը դարձնում է անարժանապատիվ, բարոյազրկում է հասարակությանն ու չի թողնում, որ այլ կարծիք լսելի դառնա: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Քննչականի պետին բերում են Հ1, նստում պատմում է նախաքննության գաղտնիքներ, նման բան չի կարող լինել:
Մենք տարբեր գործերով տեսել ենք անօրինականություններ, բայց նման տոտալ քարոզչություն, այսպիսի թշնամական քարոզչություն չենք տեսել: Ընտանիքով հարձակվել են Հասմիկ Պապյանի դեմ, ինչ է թե նա Միքայել Սրբազանի հետ նկար է հրապարակել, ընտանյոք հանդերձ լծվել են մարդուն վատաբանելու գործին, իհարկե դա Հասմիկին չի հասնի, որովհետև նա չափազանց բարձր է, բայց որ ասում է՝ փաստերը քեզ ոչինչ չե՞ն ասում, ի՞նչ փաստ, ահաբեկչության ի՞նչ փաստ դուք ունեք։ Ես չեմ տեսել ահաբեկչության որևէ փաստ ու չեմ տեսնի մինչև այդ քննությունը չավարտվի, չնայած այս ամեն ինչը ցույց է տալիս, որ քննություն չի կարող լինել, ամբողջությամբ ուղղորդված, ցանկալի ինչ-որ վճիռ կկայացնեն:
Նողկալի մթնոլորտ է, շարունակ տեսնում ենք այդ գրառումները՝ վիրավորախառն, հայհոյախառն, իրենք են մեզ ահաբեկում, մենք ենք ահաբեկված իրենց այս քարոզչությունից, իրենց անբարո հայտարարություններից, մենք ենք ահաբեկչության զոհերը, իսկ Եկեղեցուն ժողովուրդը կպաշտպանի ու պետք է պաշտպանի, որովհետև Եկեղեցին մարդկանց սրտերի մեջ է, դա հանել հնարավոր չէ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ես չեմ տեսել որևէ գործով նման քարոզչություն, անմեղության կանխավարկածի նման խախտում, դե «սամասուդ» արեք վերջացրեք. Ալեքսանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.