Ներկա խորհրդարանի խճանկարը թույլ չի տալիս լուծել Փաշինյանի իմփիչմենթի հարցը. Սուրեն Սուրենյանց
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, ինչո՞ւ խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշեց հանդես գալ վարչապետին անվստահություն հայտնելու սեփական նախաձեռնությամբ՝ մերժելով Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի ավելի վաղ սկսած գործընթացը:
– Կանխատեսելի էր, որ նրանք դրան չեն միանալու, ու, ցավոք սրտի, դրա հիմքը տվեց նաև Հովիկ Աղազարյանը, այսինքն՝ երբ դու հայտարարում ես, որ նրանք պարտավոր են միանալ քո նախաձեռնությանը, իսկ դու որևէ պարագայում չես միանա իրենց նախաձեռնությանը, դա առնվազն փակուղային իրավիճակ է։ Երկրորդը՝ դժվար պատկերացնելի էր, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները կմիանային անկախ պատգամավորի ստատուս ունեցող պատգամավորների նախաձեռնությանը այն պարագայում, երբ նրանք մինչև վերջերս տակավին ասոցացվում էին ՔՊ-ի հետ:
Իսկ եթե անկեղծ, ապա իմփիչմենթը պետք է մեծ գործընթացի մաս լինի, այլ ոչ թե հակառակը, առիթ ունեցել եմ ասելու, որ իմփիչմենթն ածանցյալ գործընթաց է: Որևէ քաղաքական ուժ, որը իմփիչմենթի նախաձեռնություն է ցուցաբերում, դրանից առաջ առնվազն երկու բաղադրիչ պետք է ապահովի՝ քաղաքական ծրագիր ու համաժողովրդական շարժման քարտեզ, եթե չկան այդ բաղադրիչները, ապա իմփիչմենթի հարցում միշտ այսպիսի տեղապտույտի ենք հանդիպելու:
– «Պատիվ ունեմ»-ն ապահովե՞լ է այդ երկու բաղադրիչը:
– Առաջին քայլն է արել ու քանի որ ինքը պատասխանատվություն է ստանձնել ու իմփիչմենթի գործընթացն ապահովել է, ես ակնկալում եմ, որ մյուս երկու բաղադրիչը ևս պետք է բավարարի: Այսինքն՝ ավելի լավ է, որ իրենք ոչ թե ընդդիմադիր մյուս խմբակցության պատգամավորների վրա ճնշում գործադրեն բանակցությունների միջոցով, այլ՝ հասարակության միջոցով:
– Իրենց վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը վստահություն է հայտնել, թե մարդիկ դուրս են գալու փողոց, ու իրենք այս գործընթացը հասցնելու են մինչև վերջ:
– Երբ փողոցը կգեներացնեն, այդ ժամանակ էլ մնացած թեմաների մասին կխոսենք:
– Որքանո՞վ եք դա հավանական համարում, պարո՛ն Սուրենյանց:
– Քանի մոտենում են հերթական ընտրությունները, ֆորսմաժորային զարգացումների հավանականությունը դառնում է շատ փոքր: Քաղաքականության մեջ կա հնարավորության ու հավանականության տեսություն՝ ամեն ինչ հնարավոր է, բայց ամեն ինչի հավանականությունը չէ, որ բարձր է:
– Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների փոխադարձ մեղադրանքները շարունակվում են, ինչո՞վ եք բացատրում այս լարվածությունը:
– Իմփիչմենթը գործընթաց է, որի շուրջ ավելի լուրջ խնդիրներ կարող են արծարծվել, դիրքավորման պայքար է ընթանում, ինչը շատ բնական է, նախընտրական շրջափուլի ենք մոտենում, ու քաղաքական բոլոր ուժերը դիրքավորվում են: Երկու խմբակցությունն էլ փորձում է երկու հարցի պատասխան գտնել՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար: Երկուսն էլ հակված են իշխանափոխություն տեղի չունենալու մեղքը մեկը մյուսի վրա բարդելու, որովհետև իրենք երկուսն էլ մանդատ էին ստացել դրա համար, և երկրորդ՝ թե նախընտրական շրջափուլին մոտենալուն զուգընթաց իրենցից որ մեկն է ավելի դոմինանտ գտնվելու քաղաքական դաշտում: Այսինքն՝ իրական վեճն այս հարցերի շուրջ է, ու, կրկնում եմ, սա շատ բնական գործընթաց է:
– Հավանական համարո՞ւմ եք, որ այս երկու ուժերից մեկը կկարողանա փողոցային շարժում կազմակերպել:
– Բոլոր նախադրյալները կան, բայց լիդերության ու ծրագրի հարցը լուծված չէ, հետևաբար քիչ հավանական եմ համարում: Եթե իմփիչմենթը վերջնարդյունքի տեսանկյունից դիտարկենք, ապա այս պահին հաջողության հասնելու հավանականությունը շատ փոքր է։ Ինչպես տեսնում եք, նույնիսկ անհրաժեշտ 36 ստորագրությունը չկա, որ հարցը մտնի օրակարգ: Սա կարող է նպաստել ներքաղաքական վերադասավորումներին ու նոր քաղաքական ստատուս քվոյին: Խիստ կասկածում եմ, որ գտնելու են անհրաժեշտ թվով ստորագրությունները, առանց փողոցի՝ ներկա խորհրդարանի խճանկարը թույլ չի տալիս լուծել իմփիչմենթի հարցը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ներկա խորհրդարանի խճանկարը թույլ չի տալիս լուծել Փաշինյանի իմփիչմենթի հարցը. Սուրեն Սուրենյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.