«Ծամում ենք, բայց դա ուտել չէ, հոգնել ենք ձեթը կաթիլներով օգտագործելուց»
«Հացի համը մոռացել ենք, չզարմանաք, իրոք մոռացել ենք ինչպիսի տեսք, համ ու բույր ունի հացը»:
Այս մասին գրել է ԳԱԼԱ-ի թղթակից, արցախցի լրագրող Արեւ Դանիելյանը:
«Բլոկադային առօրյան օրեցօր ծանրանում է, բոլորիս քիմքին ծանոթ մթերքն այլևս անծանոթ է, միայն անուններն ենք հիշում, որոշների անգամ անունը հիշելը դարձել է խորը անցյալից հուշերի վերապրում: Կամաց-կամաց մոռանում ենք ամենատարրական բաները` ծամում ենք, բայց դա ուտել չէ, խմում ենք, բայց համը էլ առաջվա սուրճինը չէ, ինչից ասես սուրճ ենք պատրաստել, բայց կարոտել ենք մեկ բաժակ, հասարակ մարդկանց հասանելի սև սուրճով առավոտներին, կարոտել ենք սերուցքով տորթերին, անառողջ սննդատեսակներին, տարաբնույթ ֆասթ-ֆուդերին անգամ բուսակերներն են կարոտել:
Երբ կարոտը երկար է ձգվում, հոգնում ես. հոգնել ենք ձեթը կաթիլներով օգտագործելուց, չնայած այդ գործում վարպետացել ենք, հոգնել ենք դատարկ առարկաներում պարունակություն փնտրելուց, շատ բանից ենք հոգնել, զարմանում եմ, ոնց ենք այսքան հոգնած դեռ դիմակայում: Ավարտվեց 8-րդ օրը` հացը կտրոններով տրամադրելու 8-րդ օրը, ոմանք դեռ կտրոններ ունեն, ես էլ ունեմ, բայց հաց չկա…կլինի՞ արդյոք վաղը, մյուս օրը, ոչ ոք չգիտի: Ձայն բարբառո հանապատի… Մոռացել ենք, հացի համը մոռացել ենք…»:
The post «Ծամում ենք, բայց դա ուտել չէ, հոգնել ենք ձեթը կաթիլներով օգտագործելուց» appeared first on ԳԱԼԱ.