ԼՂ-ում շարունակվող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա․ Սարգիս Խանդանյան
Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս տեմպը։
«Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը և նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա։ Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու իր նպատակից, ուստի Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան և շարունակել հարցերի քննարկումը»,- ասաց Խանդանյանը։
Հարցին, թե առաջիկայում որևէ միջնորդի կողմից առաջարկություն կա՞ հայկական և ադրբեջանական կողմի միջև հանդիպման, Խանդանյանը պատասխանեց, որ այս պահին հստակ պայմանավորվածություններ չկան։ Նրա խոսքով՝ եթե լինի նման պայմանավորվածություն, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդ մասին կտեղեկացնի։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին, ապա պատգամավորը նշեց, որ ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել դրանց։
«Իմ տեղեկություններով մինչև այս պահը Ադրբեջանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկներին»,- ասաց Խանդանյանը։