Rolls Royce-ը «սև ցուցակում» կներառի մեքենաները վերավաճառող գնորդներին
Բրիտանական Rolls Royce մեքենաշինական ընկերությունը հաճախորդներին, որոնք վերավաճառում են ապրանքանիշի նորագույն Spectre էլեկտրական մեքենան, կարգելի մեքենա գնել: Այդ մասին գրում է Carscoops-ը։
Rolls Royce-ի գործադիր տնօրեն Տորստեն Մյուլեր Օթվոսն ասել է, որ գնորդները, որոնք վերավաճառում են Spectre-ն, այլևս չեն կարողանա գնել այդ մեքենայից: Ի դեպ, հաճախորդները պետք է որակավորում ստանան էլեկտրական ավտոմեքենան գնելու համար և միայն դրանից հետո կարող են ստանալ իրենց պատվերի սլոթը:
Rolls Royce Spectre-ի առաջին մատակարարումները կսկսվեն 2023 թվականի չորրորդ եռամսյակում: Բայց արդեն այսօր որոշ գնորդներ ուռճացված գնով վաճառքի են հանում իրենց մեքենաները, որպեսզի ցանկացողներն առանց հերթի գնեն երկար սպասված էլեկտրամեքենան։
«Ես ճիշտ չեմ համարում, որ ավտոարտադրողները հաճախորդներին, որոնք մոտ կես միլիոն դոլար են ծախսել մեքենայի վրա, ասում են, թե նրանք ինչ կարող են անել դրա հետ: Մարդկանց կյանքում հանգամանքները փոխվում են, նրանք կարող են ունենալ վաճառքի իրական պատճառներ, օրինակ՝ ֆինանսական խնդիրներ», - ասել է բրիտանացի ավտոդիլեր Թոմ Հարթլին: