Չեն կարող մեզ թեկնածու պարտադրել, դա կնշանակի՝ իշխանությունը ստիպում է ընդդիմությանը խաղալ իրենց խաղը․ Արծվիկ Մինասյան
Թագուհի Թվմասյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու մասին որոշումը ՔՊ-ի հերթական ապօրինությունն է, հակաքաղաքական ու հակասահմանադրական հերթական գործողությունն է։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է քանակական մեծամասնության ուժով իր համար ոչ ցանկալի կամ այլակարծություն ունեցող ընդդիմադիրներին զրկել Սահմանադրությամբ երաշխավորված լծակներից։
Ընդդիմադիր պատգամավորն իշխանության այս արարքն իշխանազավթման քայլ է համարում։ Ըստ նրա՝ բոլոր այս քայլերով իշխանությունն անհանդուրժողականության, ատելության, զրպարտանքի չափաբաժինների նոր ռեկորդներ է սահմանել։
Մինասյանը հիշեցրեց, որ նախորդ գումարման Ազգային ժողովում նման ճակատագրի արժանացավ Նաիրա Զոհրաբյանը` պաշտոնանկ արվելով խորհրդարանական մեծամասնության կողմից։
«Այս ամենն անպատժելիության հետևանք է։ Ուստի, իշխանության թմբկահարած «մարդու իրավունքների պաշտպանություն» բառակապակցությունը պարզապես կեղծ մի բան է»,- նկատեց նա։
Դիտարկմանը, թե իշխանությունը հայտարարում է, որ ընդդիմությունը կարող է այլ թեկնածու առաջադրել, ընդդիմադիր խմբակցության քարտուղարն արձագանքեց․
«Սա նշանակում է ստիպել ընդդիմության խաղալ իրենց խաղը, դա հակաժողովրդական է, դա հակապետական է։ Իշխանությունը չի կարող ընդդիմությանը զսպաշապիկ հագցնել։ Դա նշանակում է բռնատիրություն։ Չեն կարող մեզ թեկնածու պարտադրել։ Ցանկացած ժամանակ ցանկացած թեկնածուի չեն ընտրելու, եթե իրենց սրտի ուզածը չի»։
Մինասյանը նաև հայտարարեց, որ իրենք հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու չեն առաջադրելու։
Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ: