«Խոստացան զանգել, այդպես էլ չզանգեցին». Ալեն Սիմոնյանն արձագանքել է շրջափակման ընթացքում ոչ մի անգամ Արցախի ԱԺ նախագահին չզանգելու մասին հայտարարությանը
ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյան հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել: Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար: Այդպես էլ չզանգեցին:Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ»,- գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ արցախցի գործընկերների զանգերինն հայաստանցի պաշտոնյաները նույնիսկ չեն պատասխանում, ասել էր, որ արցախցի և հայսատանցի պաշտոնյաների միջև հարաբերությունները արդեն 3 տարի է՝ բացակայում են, դա նոր չէ:
«Դեռ մեկ ամիս առաջ Արցախի ազգաին ժողովում այդ հարցը տվել ենք, պետնախարարն ասել է, որ իրենց հետ որևէ հարց չի քննարկվում, որևէ առնչություն չկա, արտաքին գործերի փոխնախարարը նույնը հաստատել է, Ազգային ժողովի նախագահը նույնը հաստատել է: Արցախի և Հայաստանի Ազգային ժողովների միջև հարաբերություններ վաղուց չկան, բայց շրջափակման այս 200 օրեին ընդհանրապես չկա: Ալեն Սիմոնյանը հարկ չի համարել այս շրջափակման օրերին գոնե մեկ անգամ զանգեր, հարցներ որպիսությունը: Այսինքն դա այդպես է, մնացած պետական մարմիններում էլ է նույն վիճակը: Ասեմ ավելին՝ նախկին արտգործնախարարը ասել է նաև, որ, այո, իր զանգերին ՀՀ արտգործնախարարը չի պատասխանում, նույնիսկ ինքը ստիպված է եղել նամակ գրել էկեկտրոնային, որը նույնպես մնացել է անպատասխան»,- news.am-ին ասել է պատգամավորը: