Երևանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը այսպիսով որևէ փոփոխության չի ենթարկվի. Արա Գոչունյան
«Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը՝ մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք նորմալացման ուղղությամբ», - Թվիթերում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Էրդողանը երեկ ընտրությունների երկրորդ փուլում հավաքեց ձայների շուրջ 52 տոկոսը և կշարունակի պաշտոնավարել մինչև 2028 թվականը։
Չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակնկալիքների մասին Երևանի հայտարարություններին՝ վերջին շաբաթներին գործընթացը հետընթաց է արձանագրել։
Նախընտրական շրջանը Թուրքիայում համընկավ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման հետ։ Այս իրադարձությանը պաշտոնական Անկարան սուր արձագանքեց՝ Երևանին խիստ քննադատության ենթարկելով։ Հայաստանի համար օդային տարածքը փակեցին ու նախազգուշացրին՝ եթե Հայաստանը նույն կերպ շարունակի, հայ-թուրքական կարգավորման գործընթացը կընդհատվի։
Հայաստանի իշխանությունների արձագանքն այս քննադատությանը ըստ էության այպիսին էր՝ արձանը տեղադրելու որոշումը Երևանի քաղաքապետարանն է կայացրել, ո'չ կառավարությունը, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հենց գործադիրն է իրականացնում։ Վարչապետ Փաշինյանը հուշարձանի տեղադրումը սխալ համարեց։
Թուրքական կողմի քննադատական ու նախազգուշական հայտարարություններն անձամբ արտգործնախարար Մևլյութ Չավուշողլուն էր անում։
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք ընտրություններից հետո նա կշարունակի պաշտոնավարել, բայց փորձագետների համոզմամբ՝ դա էական չէ, գլխավոր անձը հենց Էրդողանն է.
«Ի՞նչ տարբերություն, երբ որ էդ քաղաքականությանը վերջնական տեսք տվող գլխավոր դեմքը չի փոխվում», - ասում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։
Նա վստահ է, որ Երևանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը այսպիսով որևէ փոփոխության չի ենթարկվի։ Նույնը կմնան նաև թուրքական կողմի խոսույթն ու ոճը. - «Հետևաբար էդ առանցքային քաղաքականությունը պետք է շարունակվի, և եթե մենք հաշվի առնենք, որ նախագահ Էրդողանի վերընտրությունը շատ ողջունված է ադրբեջանցիների կողմեն։ Թուրքիայի ադրբեջանական ծագումով քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը քվեարկած են Էրդողանին ի նպաստ։ Էս բոլորը մեզ ցույց ենք տալիս, որ առաջիկա շրջանին Թուրքիան ինչ առաջնահերթություններով կառաջնորդվի Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնության հարցի մեջ»։
«Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը շատ բարդ իրավիճակ է ստեղծել 44-օրյա պատերազմից հետո սկսված հայ-թուրքական կարգավորման գործընթացում, ասում է Գոչունյանը։ Այդուհանդերձ, շեշտում է, որ գլխավոր հարցը մնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը։ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ այս հարցն է փորձում լուծել։