«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող քրեական գործով անցնում է 250 անձ. ՆԳՆ
Հայաստանի իրավապահ մարմինները հետաքննում են ինտերնետի միջոցով թմրամիջոցների տարածման խոշոր դեպքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով, 2021 թվականին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բացվել է ինտերնետի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին։ «Հատկապես բարդ են Telegram ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հետաքննությունները, որտեղ հատկապես դժվար է բացահայտել հանցագործներին»,- նշել է Ղազարյանը։
Այս պահին, ինչպես նշեց նախարարը, Քննչական կոմիտեում հենց նման տիպի մի քրեական գործ է հարուցվել։ Լուրջ աշխատանքներ են տարվել, ինչի մասին իրավապահները շուտով կհայտնեն։ «Այս գործում ներգրավված է մոտ 250 մարդ։ Նախատեսվում են լայնածավալ օպերատիվ միջոցառումներ»,- եզրափակեց ՆԳՆ ղեկավարը։
The post «Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող քրեական գործով անցնում է 250 անձ. ՆԳՆ appeared first on ԳԱԼԱ.