Հայաստանի անվտանգության համակարգը չի կարող փոխվել. Վարդան Խաչատրյանը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի մասին հայտարարության վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերի վերաբերյալ Tert.am-ը զրուցել է «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
- Պարոն Խաչատրյանն, Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86,600 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն: Մյուս կողմից պնդեց, որ Արցախի վրա խաչ չեն քաշում։ Ի՞նչ է սա նշանակում:
- Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են դեռ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, եթե հիշում եք, Քի Վեսթում առաջին անգամ Հայաստանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ էության, Փաշինյանի ասածում նոր բանը միայն այն է, որ 86,600 քկմ տարածքով է ճանաչվում: Իմ խորին համոզմամբ՝ այստեղ նորից պետք է ճշգրիտ հղում արվի ՄԱԿ-ի 1970 թ. բանաձևին, համաձայն որի տարածքային ամբողջականությունից և անձեռնմխելիությունից կարող են խոսել միայն այն երկրները, որոնք չունեն խնդիրներ սեփական փոքրամասնությունների հետ, իսկ Ադրբեջանը երկիր է, որը ոչ միայն խնդիրներ ունի, այլև, ըստ էության, ցեղասպանության սպառնալիք ու հենց ցեղասպանություն ունի արած ազգային փոքրամասնության դեմ, ինչպիսին են հայերը, մնացածի մասին էլ չխոսենք:
- Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը պետք է հայտարարի՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ»: Ըստ Ձեզ՝ Փաշինյանի՝ տարածքային ամբողջականության մասին հայտարարությունը այդ նույն պահանջի այլ ձևակերպմամբ կատարո՞ւմն է:
- Ոչ, նախևառաջ պետք է հասկանալ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը ունի՞, թե՞ չունի այդպիսի բան պահանջելու իրավունք: Այսինքն՝ գոյություն ունեցող ներքին ավտոնոմիան որևէ կերպ պայմանավորված չէ Ադրբեջանով, այլ եղել է միութենական պետության մեջ. կարո՞ղ է ոչնչացնել առանձին եղած պետությունը, եթե կարող է, ո՞ր դեպքում: Նախ՝ այսպիսի հարցեր պետք է ուղղվեն ՄԱԿ-ին և մնացած բոլորին, որոնք պատրաստ են ստորագրված հնարավոր պայմանագրերը ճանաչել վավեր: Երբ մենք ամեն անգամ ասում ենք՝ Ադրբեջանը սա ասեց, նա ասեց, փորձենք հասկանալ՝ ո՞ր իրավունքի հիման վրա է ասում, ով է ներքին ավտոնոմիան ոչնչացրել. օրինակներ թող բերեն: Եթե դա ռազմական ագրեսիային է վերաբերում, էդտեղ խոսք չկա, բայց եթե նա պատկերացնում է, որ Հայաստանը պետք է անի հայտարարություն, որը օրենքի շրջանակում պետք է վերացնի ԼՂ գոյությունը և դարձնի Ադրբեջանով շրջապատված հայկական փոքրամասնության բնակության տարածք, այդտեղ պետք է հասկանալ՝ ինչի վրա հիմնվելով է ասում: Ո՞ր երկրում կա նման բան, որ կարող են վերացնել և դա համարվել է օրենքով:
- Փաշինյանը ասուլիսի ժամանակ նաև նշեց, որ 1975թ. քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա սահմանագծման աշխատանքների համար: Նաև հավելեց, որ Հայաստանի 29,800 քկմ տարածքի մեջ Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը ներառված չեն։ Այսինքն՝ բացի Արցախից, ՀՀ–ն էլ տարածքային կորուստներ կունենա՞:
- Էդ դեպքում Արծվաշենն ու հարակից տարածքների ճակատագիրն ի՞նչ է լինելու: Ինչ վերաբերում է քարտեզներին, ապա դրանք շատ են, հարաբերական են և դժվար է պատկերացնել, որ վերջնական լուծման աղերս կարող են ունենալ:
- Փաշինյան չբացառեց նաև, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին որոշում կայացնի կամ սառեցնի անդամակցությունը։ Ի՞նչ սպառնալիքներ է սա պարունակում, նշանակո՞ւմ է վերջնական որոշում անվտանգության համակարգը փոխելու հարցում։
- Համանման սահմանային իրավիճակի դեպքում, երբ ամեն վայրկյան կարող է պատերազմ պայթել, չի կարող անվտանգության համակարգը փոփոխվել: Սա աքսիոմ է: Երբ դու փոփոխեցիր և չունեցար զենք, օգնություն, համաշխարհային սատարման էլեմենտներ, կատաստրոֆա է: Կամայական երկրի կամայական զարգացման պարագայում: