Թբիլիսիում ցույց է ընդդեմ Ռուսաստանի հետ օդային կապի վերականգնման, իսկ խորհրդարանում այս առթիվ ծեծկռտուք է եղել
Թբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ ուղիղ չվերթների վերականգնման և Ռուսաստանի հետ մերձեցման։ Հայտնել է ekhokavkaza-ն։
Ըստ ցուցարարների՝ «Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնումը լուրջ վտանգի տակ է դնում երկիրը, և մենք կարող ենք մնալ առանց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի»։
Ցուցարարները վանկարկում են «Ո՛չ Ռուսաստանի կառավարությանը», «Ո՛չ ռուսական թռիչքներին»։ Ակցիան ընթանում է առանց քաղաքական ելույթների։
Խորհրդարանում Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի ելույթի ժամանակ պատգամավորները ծեծկռտուք են սարքել։ Գրել է Սպուտնիկ Georgia-ն։
Իրավիճակը սրվել է «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի կտրուկ հայտարարություններից հետո՝ ուղղված «Ժողովրդի ուժ» և իշխող «Վրացական երազանք» խմբակցությունների ներկայացուցիչներին։
Խորհրդարանական ընդդիմության ու մեծամասնության միջև փոխադարձ վիրավորանքները վերածվել են ծեծկռտուքի Վաշաձեի և «Ժողովրդի ուժ»-ի պատգամավոր Դաչի Բերայի միջև։ Նրանց բաժանել են գործընկերներն ու կարգադրիչները։