«Եթե վաղը թուրքական 20-րդ բանակը Արաքսն անցնի, ինչ-որ ռուս զինվոր կրակելո՞ւ է թուրքերի ուղղությամբ…»
Հայ-ադրբեջանական բանակցություններին նախորդում ու հաջորդում են սահմանային միջադեպերը՝ ողբերգական ելքով: Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը նշում է՝ Ադրբեջանն ուզում է օգտագործել ցանկացած հնարավորություն ցանկացած առավելության հասնելու համար. դա կլինի, օրինակ, դիրքային առաջխաղացումը, Լաչինի միջանցքի փակումը կամ հարյուր արցախահայերի հեռացումը…
«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ցույց է տալիս բավականին մաքսիմալիստական քաղաքականություն. ուզում է ամեն ինչ և միանգամից: Ցանկացած առաջխաղացում և ձեռքբերում Ադրբեջանի համար ինքնին նպատակ է. մինչև խաղաղությունը պոկել մաքսիմալը, կամ եթե մենք գնում ենք դեպի նոր պատերազմ, այն սկսել իրենց համար բարենպաստ դիրքից: Կա նաև երրորդ տարբերակը. եթե մենք գնում ենք նոր սառեցման, նոր ստատուս քվոյի, էլի մինչև այդ ստատուս քվոյի սահմանումը առավելագույնը կրծելով վերցնել»,-հայտարարեց Քոչինյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում:
«Բանակցային գործընթացը մտել է մի տրամաբանության մեջ, երբ կա այլևս երկու առանձին հարց՝ ՀՀ և Ադրբեջան հարաբերությունների և արցախյան խնդրի կարգավորում. դրանք այլևս տարբեր հարթակներում բանակցվում են առանձին-առանձին»:
Միջազգային միջնորդական ձևաչափի կայացումը կորոշի խաղաղության պայմանագրի լինել-չլինելու հարցը: Այդ երաշխավորը կարող է լինել ԱՄՆ-ն, բայց ոչ երբեք Ռուսաստանը, ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով՝ ՌԴ-ն շահագրգիռ չէ, որ կարգավորվի արցախյան հիմնահարցը և կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, իսկ ԱՄՆ-ն շահագրգիռ է, որ ՌԴ-ն կորցնի իր երկու հիմնական խարիսխները մեր տարածաշրջանում:
«Իսկ Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրս գալը բավականին ակտուալ հարց է՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: Ինձ համար իրավիճակի զարգացման ամենավատ տարբերակն այն կլինի, որ մենք մի օր զարթնենք և իմանանք, որ Ռուսաստանը դուրս է եկել մեր տարածաշրջանից… Իսկ միգուցե այդ պարագայում միտք ունի մինչև ռուսների գնալը թուրքերի հետ լեզու գտնել:
Քանի դեռ մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները չենք կարգավորել, մեզ տեր է պետք լինելու: Տեր, որի փեշի հետևը մենք պետք է թաքնվենք թուրքերից և ադրբեջանցիներից: Ընդ որում, այդ տերն էլ, որպես կանոն, վերջին պահին փեշը փակում է, մենք գայլի դիմաց միայնակ ենք մնում, ոնց որ եղավ 44-օրյա պատերազմում:
Հայաստանում դեռ այնքան միամիտ մարդ է մնացե՞լ, որոնց թվում է, որ եթե վաղը թուրքական 20-րդ բանակը Արաքսն անցնի, ինչ-որ ռուս զինվոր կրակելո՞ւ է թուրքերի ուղղությամբ: Էլ ի՞նչ պետք է անեն մեզ հետ, որ մարդիկ հասկանան, որ ռուսները չեն կրակելու ոչ մեկի ուղղությամբ՝ հանուն մեզ: Եվ ուրեմն ֆիկցիա է մտածել, որ կա փեշ, որի տակ հնարավոր է թաքնվել Թուրքիայից կամ Ադրբեջանից»,-նշեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:
The post «Եթե վաղը թուրքական 20-րդ բանակը Արաքսն անցնի, ինչ-որ ռուս զինվոր կրակելո՞ւ է թուրքերի ուղղությամբ…» appeared first on ԳԱԼԱ.