G7-ի առաջնորդները խոստացել են նոր ֆինանսատնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որպեսզի այն «հյուծվի»
«Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները խոստացել են նոր ֆինանսատնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որպեսզի այն «հյուծվի» արևմտյան տեխնոլոգիաներին հասանելիության բացակայության պատճառով։ Այս մասին ասվում է G7-ի առաջնորդների համատեղ հայտարարությունում:
Ինչպես գրում է golosameriki.com-ը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի առաջնորդները ուրբաթ հանդիպել են Ճապոնիայի Հիրոշիմա քաղաքում՝ համակարգելու իրենց քաղաքականությունը ուկրաինական հակամարտության շուրջ:
Միևնույն ժամանակ նրանք կոչ են արել Մոսկվային վերջ տալ «Ուկրաինայում անօրինական, անհիմն և չհրահրված ագրեսիվ պատերազմին»։
Համատեղ հայտարարության մեջ «Մեծ յոթնյակի» անդամները վերահաստատել են «անհրաժեշտության դեպքում Ուկրաինային անհրաժեշտ ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական օգնություն տրամադրելու հանձնառությունը»:
«Մենք ներդնում ենք նոր պատժամիջոցներ և միջոցներ, որոնք կմեծացնեն ծախսերը Ռուսաստանի և նրանց համար, ովքեր աջակցում են նրա պատերազմական ջանքերին», - ասվում է հայտարարության մեջ:
«Մենք կշարունակենք սահմանափակել Ռուսաստանի հասանելիությունը մեր երկրների տնտեսություններ», - ասել են G7-ի անդամները:
«Մենք Ռուսաստանին կզրկենք G7 երկրների տեխնոլոգիաներից, արդյունաբերական սարքավորումներից և ծառայություններից, որոնք աջակցում են նրա պատերազմական մեքենային: Մենք կշարունակենք կանխել Ռուսաստանի դեմ մեր միջոցներից խուսափումն ու դրանց շրջանցումը», - ասվում է հայտարարությունում:
G7-ը նաև խոստացել է աշխատել միջազգային ֆինանսական համակարգին Ռուսաստանի հասանելիությունն ավելի սահմանափակելու ուղղությամբ՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար: