Արցախի նախագահը հանրահավաքի ներկայացուցիչներին առաջարկել է սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին Ազգային ժողովի նախագահի կողմից փոխանցվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը:
Այս մասին երկրի ղեկավարը նշել է Ֆեյսբուքի իր էջում:
«Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքները և փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի բարօրության: Միաժամանակ ընդգծում եմ, որ հատկապես այս ճգնաժամային պայմաններում մենք պարտավոր ենք ցուցաբերել զսպվածություն, խոհեմություն և պատասխանատվություն՝ առաջնորդվելով բացառապես Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի շահերով»,- ասված է Նախագահ Հարությունյանի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 15-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք՝ Սամվել Բաբայանին Արցախի Հանրապետության պետական նախարար նշանակելու պահանջով:
The post Արցախի նախագահը հանրահավաքի ներկայացուցիչներին առաջարկել է սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ appeared first on ԳԱԼԱ.