ԱԳ փոխնախարարի և Հունգարիայի դեսպանի հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին
Մայիսի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի Հանրապետության դեսպան Աննա Մարիա Շիկոյին (նստավայրը՝ ք. Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելությունում։ Զրուցակիցները քննարկել են հայ-հունգարական երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն հինգ ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: