Իսրայելը վերսկսել է հարվածները Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ»-ի թիրախներին
Ուրբաթ իսրայելական բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման թիրախներին այն բանից հետո, երբ նույն օրը ավելի վաղ պաղեստինյան անկլավից հրեական պետության տարածքում հերթական հրթիռային հարձակումն է տեղի ունեցել: Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«Ներկայում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Գազայի հատվածում գտնվող «Իսլամական ջիհադ»-ի թիրախներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ուրբաթ օրը բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օդային տագնապի ազդանշաններ են հնչել Գազայի հատվածի հարևանությամբ և Արևմտյան ափի հարավային հատվածներում։ «Կան» ռադիոկայանի տվյալներով՝ արմատականները Իսրայելի ուղղությամբ արձակել են առնվազն ինը հրթիռ, որոնցից չորսը որսացել է ՀՕՊ-ը։