Աֆղանստանի թալիբական իշխանությունն ընդգծել է, որ թույլ չի տա որևէ զինված խմբավորման օգտագործել իր տարածքը Չինաստանի և Պակիստանի դեմ
Չինաստանը, Աֆղանստանը և Պակիստանն Իսլամաբադում երեք երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ խոստացել են էլ ավելի ամրապնդել եռակողմ համագործակցությունն հանուն անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին գրել է Al Jazeera-ն։
Նախարարները կիրակի օրը պայմանավորվել են «պահպանել լավ հարաբերությունները, խորացնել քաղաքական փոխվստահությունը, հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ու պատշաճ կերպով լուծել տարաձայնություններն ու վեճերը հավասարազոր խորհրդակցությունների միջոցով»։
2021 թվականի օգոստոսին՝ Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերումից ի վեր, Աֆղանստանը տնտեսական ու հումանիտար ճգնաժամի մեջ է, քանի որ թալիբները գրավել են իշխանությունը, և ազգը ընկղմվել է միջազգային մեկուսացման մեջ:
Այդ ժամանակվանից թալիբների կառավարությունը հույս ունի ներգրավել չինական ներդրումներ իր հանքանյութերի պաշարներում, ինչպիսիք են պղինձը և լիթիումը:
Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութթաքին, որի ճամփորդության վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից արգելք է դրվել, այցելել է Իսլամաբադ, հանդիպել է իր չինացի գործընկերոջը՝ Ցին Գանգին:
Չինաստանը միլիարդներ է ներդրել Պակիստանում Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի (CPEC) միջոցով՝ ճանապարհների, երկաթուղիների և նավահանգիստների կառուցվող ցանցի միջոցով:
Մոտ 1 ամիս առաջ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ «ողջունում է Աֆղանստանի մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համագործակցությանը և աջակցում է Աֆղանստանի ինտեգրմանը տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն ու կապակցվածությանը»:
Ցինն ասել է, որ Չինաստանը պատրաստ է համատեղ ջանքեր գործադրել Աֆղանստանի և Պակիստանի հետ՝ իրականացնելու Համաշխարհային զարգացման նախաձեռնությունը, Համաշխարհային անվտանգության նախաձեռնությունը և Համաշխարհային քաղաքակրթական նախաձեռնությունը, հայտնել է Xinhua լրատվական գործակալությունը:
Երեք կողմերը նաև խոստացել են ամրապնդել հակաահաբեկչական համագործակցությունը, ընդ որում Չինաստանն ու Պակիստանն իրենց աջակցությունն են հայտնել թալիբների գլխավորած Աֆղանստանի կառավարությանը՝ ուժեղացնելու կարողությունների զարգացումը։
Աֆղանստանում և Պակիստանում թալիբներն առանձին խմբեր են, բայց կիսում են գաղափարախոսությունը: Անցյալ շաբաթ առնվազն վեց պակիստանցի զինվոր սպանվել է TTP-ի մարտիկների հետ զինված մարտերի ժամանակ երկրի հյուսիսարևմտյան շրջանում՝ Աֆղանստանի սահմանի մոտ։
Չինաստանը նաև ցանկանում է Աֆղանստանում տեսնել ավելի կայուն անվտանգության լանդշաֆտ՝ նախքան երկրում ներդրումային ծրագրեր սկսելը:
Աֆղանստանն ընդգծել է, որ թույլ չի տա որևէ զինված խմբավորման օգտագործել իր տարածքը Չինաստանի և Պակիստանի դեմ գործողությունների համար։
Պակիստանի ԱԳ նախարար Բիլավալ Բհուտո Զարդարին և Աֆղանստանի ԱԳ նախարարը նշել են, որ Չինաստան-Աֆղանստան-Պակիստան համագործակցությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանային խաղաղության և բարգավաճման համար: