Բեռլինում արգելվել է մայիսի 8-ին և 9-ին օգտագործել Ռուսաստանի և Ուկրաինայի դրոշները
Բեռլինի ոստիկանությունը մայիսի 8-ին և 9-ին արգելել է Ռուսաստանի և Ուկրաինայի դրոշների ցուցադրումը Տրեպտով պուրակում, Տիրգարտենում և Շյոնհոլցեր Հայդե պուրակում խորհրդային հուշահամալիրների մոտ։
Այս մասին, ինչպես գրում է eurointegration.com.ua կայքը, հայտնել է Berliner Morgenpost-ը։
Այս երկու օրը Եվրոպայում նշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 78-ամյակը։
«Այս օրերին ուշադրության կենտրոնում է գտնվում արժանի հարգանքի տուրքի մատուցումն այն ժամանակվա խորհրդային բանակի ընկած զինվորներին, որոնք այլ զինված ուժերի հետ միասին նպաստել են Գերմանիայի և ամբողջ աշխարհի ազատագրմանը նացիստական բռնապետությունից», - հաղորդվում է Բեռլինի ոստիկանության կայքում:
Բացի այդ, արգելվում է նաև «արտաբերել այնպիսի կարգախոսներ, որոնք ստեղծված իրավիճակից ելնելով կարող են ընկալվել որպես Ուկրաինայի պատերազմի հավանություն կամ հերոսացում»։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ իրավապահները, զինվորական գերեզմանների խնամքի մասին գերմանառուսական համաձայնագրին համապատասխան, պարտավոր են պահպանել խորհրդային հուշահամալիրները Տրեպտով պուրակում, Տիրգարտենում և Շյոնհոլցեր Հայդե պուրակում, ուստի այս տարի ուկրաինական, ռուսական և խորհրդային դրոշներ, ինչպես նաև գեորգիևյան ժապավեններ կրելու արգելքը մայիսի 8-ին և 9-ին մնում է ուժի մեջ: Արգելքը չի վերաբերի դիվանագետներին և վետերաններին։