Ռեալ Մադրիդում կրկին մտածում են Բենզեմային փոխարինող գտնելու մասին
Իսպանական «Ռեալ Մադրիդը» մտածում է նոր հարձակվող ձեռք բերելու մասին, քանի որ ակումբի 9 համար, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման արդեն մեծ է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
«Ապագայում ակումբը մտածում է «9»-ը ստորագրելու մասին, քանի որ Կարիմն արդեն տարիքով է»,- ասել է Անչելոտին, որի խոսքերն է մեջբերել Marca-ն։
Սակայն, ինչպես նշել է իսպանական կայքը, մարզիչը նկատի է ունեցել ապագան և ուղղել ինքն իրեն։ «Քանի դեռ Կարիմն այս վիճակում է, մենք չենք մտածում այս մասին»,- ուղղել է ինքն իրեն իտալացի մարզիչը։ «Նա ունեցել է վերելքներ ու վայրէջքներ, բացի այդ, Ռոդրիգոն, Վինիսիուսը առաջադիմել են, Ասենսիոն շատ լավ է գործում»,- հավելել է նա։
Բենզեման 35 տարեկան է, այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում անց է կացրել 37 խաղ, դարձել է 29 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։
Եզրային ու կենտրոնական հարձակվողի դիրքերում հանդես եկող բրազիլացի Ռոդրիգոն 22 տարեկան է, բոլոր մրցաշարերի 49 խաղում դարձել է 14 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։ 22-ամյա մեկ այլ բրազիլացի Վինիսիուս Ժունիորը եզրային հարձակվող է, 49 խաղում դարձել է 22 գոլի ու 20 գոլային փոխանցման հեղինակ։
Իսկ 11 համար իսպանացի եզրային հարձակվող Մարկո Ասենսիոն, որն այս մրցաշրջանում վնասվածքից հետո հիմնականում փոխարինման է մտնում, 43 խաղում դարձել է 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ասենսիոն 27 տարեկան է։